Արման Մելիքյանը թվարկում է, թե ինչու ոչ իշխանական ուժերը մանդատները վայր չեն դնի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս օրերին ինձ հաճախ են հարցնում, թե արդյոք Հայաստանում մոտակա ժամանակ հնարավո՞ր եմ համարում խորհրդարանական ճգնաժամը, եթե Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, ընդվզելով իշխանական կոալիցիայի կողմից ընդդիմության մոտեցումներն անտեսելու ավանդույթի դեմ, վայր դնեն մանդատներն ու բոյկոտեն խորհրդարանի աշխատանքը:

Ես կարծում եմ, որ մանդատները վայր դնելուն խնդիրը գործնականում չի հասնի:

Չի հասնի, որովհետև ԲՀԿ-ն կհայտարարի, որ առանց իր ներկայության իշխանությունը կդառնա անայլընտրանքային, ինչը սպառնալիք է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակի համար:

Կարդացեք նաև

Չի հասնի, որովհետև Դաշնակցությունը կհայտարարի, որ կողմ լինելով իշխանափոխությանը, նախընտրում է այդ բաղձալի արդյունքին հասնել իշխանության հետ համագործակցելու, այլ ոչ թե առճակատման գնալու ճանապարհով:

Չի հասնի, որովհետև ՀԱԿ-ը կհայտարարի, որ խորհրդարան է մտել իրեն վստահած ու ձայն տված ընտրողների կամքով և մանդատ վայր դնելն ընտրողի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում կլինի:

Չի հասնի, որովհետև «ժառանգությունը» կհայտարարի մանդատները վայր դնելու իր սկզբունքային որոշման մասին, ապա նոր սկզբունքային որոշում կկայացնի մանդատները վայր չդնելու միջոցով իշխանությանը մահացու հարված հասցնելու վերաբերյալ:

Մի խոսքով, այս պահին խորհրդարանական ճգնաժամի առարկայական նախանշանները չեն երևում»:

Տեսանյութեր

Լրահոս