Լրանում է ամերիկահայ անվանի աստղագետ Երվանդ Թերզյանի 75-ամյակը
Փետրվարի 9-ին լրանում է ամերիկահայ անվանի աստղագետ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ, Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) գիտական խորհրդի նախագահ, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսոր Երվանդ Թերզյանի 75-ամյակը: Նա ժամանակի խոշորագույն գիտնականներից մեկն է, որը հայտնի է միջաստղային միջավայրի, մոլորակաձև միգամածությունների, գալակտիկաների, ռադիոաստղագիտության և այլ բնագավառներում իր հայտնագործություններով, ինչպես նաև հայ գիտության իր ցուցաբերած մեծ ծառայություններով:
Երվանդ Թերզյանը ծնվել է 1939թ. փետրվարի 9-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: Հայրը հայ էր, իսկ մայրը` հույն. այսպիսով հույները Թերզյանին համարում են հույն մեծ գիտնական, ինչպես և հայերը` հայ մեծ գիտնական: Դպրոցն ավարտել է Ալեքսանդրիայում և սովորել Կահիրեյի Ամերիկյան համալսարանում: 1960թ. ստացել է նույն համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի բակալավրի դիպլոմ: Այնուհետև, տեղափոխվելով ԱՄՆ, Ինդիանայի համալսարանում 1963թ. ստանում է աստղագիտության գծով մագիստրոսի, իսկ ավելի ուշ` 1965թ., գիտությունների դոկտորի աստիճան:
1965թ.-ից Թերզյանի գիտական և մանկավարժական գործունեությունը կապված է Կոռնելի համալսարանի հետ (Իթաքա, Նյու Յորք նահանգ): 1965-1967թթ. դառնում է ՊուերտոՌիկոյի Արեսիբոյի աստղադիտարանի գիտական աշխատակից, 1967-1972թթ.` աստղագիտության պրոֆեսորի օգնական, 1968-1974թթ.` նույն համալսարանի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենի օգնական, 1972-1977թթ.` աստղագիտության դոցենտ և 1977թ. Կոռնելի համալսարանի աստղագիտության պրոֆեսոր:
1968թ. Թերզյանը նշանակվեց Կոռնելի համալսարանի աստղագիտության բաժանմունքի փոխտնօրեն, իսկ 1979թ.` տնօրեն և գլխավորեց այս մեծ բաժանմունքը (ԱՄՆ-ում խոշորագույններից և կարևորագույններից մեկը) 20 տարով: 1979-80թթ. և 1992-93թթ. եղել է Կոռնելի համալսարանի Արեսիբոյի ռադիոֆիզիկայի և տիեզերական հետազոտությունների կենտրոնի տնօրենիպաշտոնակատար: 1996թ.-ից Կոռնելի համալսարանի գիտության կրթության զարգացման Նյու-Յորքի նահանգի ՆԱՍԱ-ի (NASA) տիեզերական դրամաշնորհների ծրագրի տնօրենն է: 1999թ.-ից` Կոռնելի համալսարանի ֆիզիկայի գծով Դեյվիդ Դունկանի անվանական պրոֆեսոր է:
2002թ. Թերզյանն ընտրվեց Քառակուսի կիլոմետրանոց համալիր (SKA) հսկա ռադիոդիտակի կառուցման Միացյալ Նահանգների համալսարանների և ինստիտուտների միավորման նախագահ: 2001թ.-ից նա Հայկական ազգային գիտական և կրթական հիմնադրամի (ANSEF) Գիտական խորհրդի նախագահն է:
Պրոֆեսոր Թերզյանի գիտական բնագավառները բազմաթիվ են. մոլորակաձև միգամածություններից և բաբախիչներից (պուլսարներ) մինչև գալակտիկաների զույգեր ու քվազարներ: Նրա ուսումնասիրությունները հիմնականում կատարվել են ռադիոալիքներում, այնուհանդերձ, շատ հոդվածներ նվիրված են ենթակարմիր, օպտիկական և գերմանուշակագույն տիրույթներում հետազոտություններին:
Նրա խոշորագույն ուսումնասիրությունների և կարևորագույն արդյունքների շարքում կարելի է նշել մոլորակաձև միգամածությունների ռադիո, ենթակարմիր և օպտիկական ուսումնասիրությունները, Գալակտիկայի էմիսիոն միգամածությունների և HII տիրույթների ռադիո դիտումները, չեզոք ջրածնի (HI) և մոլեկուլային ամպերի ուսումնասիրությունը, պարուրաձև նորմալ գալակտիկաների ռադիո ճառագայթման ուսումնասիրությունը, բաբախիչների ռադիո դիտումները և ուսումնասիրությունը, գիսավորաձև միգամածությունների ռադիոճառագայթման գրանցումը, մոլորակաձև միգամածություններ երկբաղադրիչ արագությունների համակարգի մոդելի առաջադրումը, OH/IR (մազերային և ենթակարմիր) աստղերի որոնումները և ուսումնասիրությունը, մոլորակաձև միգամածություններում արագ ցածր իոնացման առաքման տիրույթների (FLIER) և այլ միկրոկառուցվածքների հայտնաբերումը և ուսումնասիրությունը, գնդաձև աստղակույտերի ռադիո դիտումները, Մարգարյանի որոշ գալակտիկաների ռադիո ճառագայթման գրանցումը, գալակտիկաների զույգերի դինամիկական ուսումնասիրությունը, կրկնակի և բազմակիմիջուկներով Մարգարյանի գալակտիկաների ձևաբանությունը և կինեմատիկան, գալակտիկական միջուկների դիտումները գերերկար հիմքով ինտերֆերոմետրիայով (VLBI), Կույսի կույտիգալակտիկաների անընդհատ ռադիոճառագայթման գրանցումը, Գալակտիկայի Գերնորերի մնացորդների օպտիկական ատլասի և մոլորակաձև միգամածությունների [NII] և [OIII] պատկերների ևսպեկտրների ատլասի հրապարակումը:
Թերզյանն ընդամենը 232 գիտական հրապարակումների հեղինակ է և 6 գրքերի խմբագիր: Այդ թվում գիտական հոդվածներ է տպագրել Nature ամսագրում, որտեղ տեղ են գտնում միայն ականավոր արդյունքները:
Պրոֆ. Թերզյանը եղել է Astrophysical Journal-ի` աշխարհի աստղագիտական առաջատար հանդեսներից մեկի խմբագրի տեղակալը և գիտական խմբագիրը (1989-1999): 1982-1992թթ. եղել է Աստղագիտության և աստղաֆիզիկայի հանրագիտարանի խմբագրական-խորհրդատվական կոլեգիայի անդամ: 2000թ.-ից Թերզյանը նաև Աստղաֆիզիկա հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ է:
Պրոֆ. Թերզյանը մի շարք պրոֆեսիոնալ ընկերությունների և կազմակերպությունների անդամ է. Միջազգային աստղագիտական միություն (ՄԱՄ; IAU, 1967), Միջազգային ռադիոգիտականմիություն, Ամերիկյան աստղագիտական ընկերություն (AAS), Հայկական աստղագիտական ընկերություն (ArAS, 2001), Հունական աստղագիտական ընկերություն (HelAS), Սիգմա Խի, Ամերիկյան գիտության առաջադիմության ասոցիացիա (2001) և այլն: 1990թ. ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) արտասահմանյան անդամ, իսկ 2002-ին`Հայկական աստղագիտական ընկերության (ArAS) համանախագահ: 2010 թվականից Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հանձնաժողովի անդամ է:
Մեծ է Թերզյանի կազմակերպական գործունեությունը. նա եղել է ՄԱՄ աշխատանքային խմբերի, ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի, Նյու Յորքի աստղագիտական ընկերության, NASA-ի, ԱՄՆ ազգային գիտական հիմնադրամի (NSF) և այլ կազմակերպությունների բազմաթիվ կոմիտեների և հանձնաժողովների, ինչպես նաև մի շարք միջազգային (ներառյալ ՄԱՄ-ի) գիտաժողովների և խորհրդակցությունների գիտական կազմկոմիտեների նախագահ, փոխնախագահ կամ անդամ: Նա եղել է ՄԱՄ-ի «Մոլորակաձև միգամածություններ» (1985-1994թթ.) և «Աստղագիտությունը Լուսնից» (1993-1999թթ.) աշխատանքային խմբերի նախագահը:
Իր գիտական նվաճումների և մանկավարժական վաստակի համար պրոֆ. Թերզյանը պարգևատրվել է բազմաթիվ տիտղոսներով, աստիճաններով, պարգևներով, մեդալներով և կոչումներով, որոնցից են. Ինդիանայի համալսարանի (ԱՄՆ, 1989), Երևանի պետական համալսարանի (Հայաստան, 1994), Թեսալոնիկիի համալսարանի (Հունաստան, 1997) և Յունիոն քոլեջի (ՆյուՅորքի նահանգ, ԱՄՆ, 1999) պատվավոր դոկտորի գիտական աստիճանները, մի շարք պարգևներ, մեդալներ, այդ թվում` ՀՀ Կրթության և գիտության նախարարության Ոսկե մեդալը (2008) և Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Վիկտոր Համբարձումյանի անվան մեդալը (2008):
Հայկական աստղագիտական ընկերություն