Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ավագ և հանրակրթական դպրոցի դասագրքերի փորձարկմանը՝ նախարարն ընդգծել է դպրոցներից ստացված մասնագիտական կարծիքների հավաքագրման, ներկայացվող առաջարկությունների ու դիտողությունների վերլուծության կարևորությունը: Ա. Աշոտյանը հանձնարարական է տվել նիստին մասնակից մարզային, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ ստորաբաժանումների պատասխանատուներին, դպրոցների հետ կազմակերպել ավելի արդյունավետ ու համագործակցված աշխատանք:
«Փորձը ցույց է տալիս, որ դասագրքերի փորձարկման ժամանակ, մենք դպրոցներից ստանում ենք ձևական, ըստ էության բովանդակային խնդիրներից զուրկ կարծիքներ, մինչդեռ հետո, երբ դասագրքերն ամբողջ ծավալով թողարկվում և մտնում են դպրոց, ներկայացվում են որոշակի խնդիրներ: Դպրոցների հետ պետք է աշխատանք տանել, որ դասագրքերի բովանդակությանն առնչվող մասնագիտական հիմնական խնդիրները բարձրաձայնվեն այս փուլում, և ոչ թե հրատարկվելուց հետո: Մյուս խնդիրը, որին մենք առնչվում ենք՝ դասագրքերի մատակարարման հետ կապված դժվարություններն են: Որպես կանոն մենք միշտ տպագրում ենք բավարար քանակությամբ, դեռ մի բան էլ պահանջվածից ավելի դասագրքեր: Հիմնական խնդիրը, որը հատկապես սրվում է նոր ուսումնական տարվա սկզբին և կապվում է իբրև թե դասագրքերի բացակայության հետ, պայմանավորված է սխալ պլանավորմամբ»,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ անհրաժեշտ է դպրոցներից ստացվող հայտերի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպել:
ԿԳ նախարարը նաև նշել է, որ հատկապես 12-ամյա կրթությունը պարտադիր հռչակելուց հետո պետք է համակարգված աշխատանքներ տարվեն նաև հիմնական կրթության հենքով ուսումնարաններում ու քոլեջներում սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու ուղղությամբ:
ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, հիմնադրամի գործադիր տնօրեն Կարինե Հարությունյանը ներկայացրել է հաշվետվություն՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2013 թվականի գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև 2014 թվականի նախահաշիվն ու տարեկան աշխատանքների կատարման ժամանակացույցը:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է կատարված աշխատանքների հաշվետվությունը և հաստատել նոր ժամանակացույցը: