Հնարավոր է ակտեր ստանան նաև ԱՊՊԱ պայմանագիրը կնքած բարեխիղճ սպառողները. Ավտոապահովագրողների բյուրոյի հայտարարությունը
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 1-ից Ձեր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Այսինքն, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերն ուղարկվելու են այն կարգով, ինչ կարգով որ ուղարկվում են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումները:
Բյուրոն տեղեկացնում է, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝
- Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել + 374 (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ
- Ձեր ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի Ձեր տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ
- Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր և ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո