Գալուստ Սահակյանը`Սերժ Սարգսյանի ցողունային բջիջների պատվաստման մասին
Պարզվում է՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գաուստ Սահակյանը ցողունային բջիջների թերապիայի մասնագետ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին՝ արդյոք ինքն էլ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նման, ցանկություն չունի՞ դիմել ցողունային թերապիայի: «Եթե ցանկություն ունեք, ես դրա մասնագետն եմ, կօգնեմ ձեզ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Հարցին, թե որտեղի՞ց Սերժ Սարգսյանին նման գումարներ, Գալուստ Սահակյանն այսպես արձագանքեց. «Անհեթեթ հարց եք տալիս: Յուրքանչյուր մարդ կարող է իր անձնական կարիքները ինքը հոգալ: Ձեր ըմբռնումը ընդդիմադիր է, ընդդիմադիր մոտեցում եք ցույց տալիս: Ես հարցնո՞ւմ եմ ձեզ, թե ձեր բարեմակը ո՞նց գնաց օպերացիայի»:
Դիտարկմանը, թե Ս. Սարգսյանը Հանրապետության նախագահն է, և մեզ բարեկամ չէ, Գ. Սահակյանն ուղղեց. «ՀՀ նախագահը ձեր բարեկամը չէ, բայց իմ բարեկամն է, այնպես որ՝ մի՛ հարցրեք: Անհեթեթ հարցեր մի տվեք՝ ի՞նչ է նշանակում, թե այդքան գումար որտեղից: Դա այդպես իմ հետաքրքրությունների շրջանակում չէ, որ ես իմանամ՝ եղե՞լ ա, թե՞ չի եղել: Առավել ևս ես գրպանահատ չեմ, որ ուրիշի գրպանները մտնեմ՝ տեսնեմ՝ էդ գումարը որտեղից: Գրապանահատներին հարցրեք, իրանք ավելի նորմալ կպատասխանեն»: