Կառավարությունն այլևս վախենում է որևէ լուրջ խնդիր բերել ԱԺ. ՀԱԿ խմբակցության ղեկավար
«Բոլորդ էլ տեսաք, որ ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ խորհրդարանում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Անցյալում կեղծ մեծամասնությունը, որը ձևավորվել է ընտրությունները կեղծելով, օգտագործում էր իր քանակը այն առումով, որ թելադրի ինչ-որ օրակարգ, որը չէր բխում մեր ժողովրդի շահերից, և մենք սկզբնական շրջանում, չունենալով այլընտրանք, ստիպված մտել էինք այդ օրակարգի մեջ: Բայց ընդդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում այլևս թելադրել օրակարգ ԱԺ-ին:
Խորհրդարանը վերափոխվել է, հիմա այլ մթնոլորտ է՝ բուռն քննարկումներ, վեճեր, ճշմարտություններ, որ ամեն օր բացվում են»,- շեշտեց նա:
Ըստ Լևոն Զուրաբյանի՝ ԱԺ այս քառօրյայի ամենակարևոր դասն այն էր, որ պարզվում է, որ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը որդեգրել է «գաղտագողի» գործարքների, Սահմանադրության խախտման, ԱԺ շրջանցման գործելաոճը, ինչը, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավարի, պատահական չէ. «Որովհետև, հենց այն պատճառով, որ ԱԺ-ը վերափոխվել է, այս կառավարությունն այլևս վախենում է որևէ լուրջ խնդիր բերել ԱԺ և գտնում են բոլոր հակասահմանադրական ճանապարհները, որ շրջանցեն ԱԺ-ն: Ոչ իշխանական ուժերով մենք արձանագրել ենք այս խախտումները, հասցրել ենք հանրությանը, և բնականաբար, արդեն մշակելու ենք հետագա քայլերը: Բայց շատ չչարչարվեք, ինձ խոշտանգեք էլ չեմ ասի՝ ի՞նչ քայլեր են լինելու։ Բայց, չկասկածեք՝ դրանք լինելու են»: