«Ամեն մեկը փորձում է առաջնորդի դերում հանդես գալ ու սա խանգարում է». Արմեն Ռուստամյան
«Հավանաբարը այնքան շատ է… Մի հատ տեսնենք ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ հարցեր են դրվելու, ի՞նչ խնդիրներ, կտեսնենք»,- այսպես արձագանքեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների այն հարցին, թե արդյոք Դաշնացությունը կմասնակցի՞ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից փետրվարի 18-ին նախատեսվող հավաքին: «Այնպես չէ, որ մենք փակվել ենք, որևէ մեկի հետ չենք համագործակցում: Պետք է հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում անել, ո՞ր քայլերով, ո՞ր ծրագրերով: Եվ, ամենակարևորը, որ մենք մեր հայտարարություններով իրար չհակասենք, կարևոր է, որ առաջվա խոսքը նկատի ունենանք՝ չի կարող կուսակցության տեսակետը տարբերվի խմբակցության տեսակետից: Նման բաներ պետք է գոնե թույլ չտանք, և այդ ժամանակ մեր հարցերը հեշտ կլուծվեն»,- ասաց Ռուստամյանը: Նա մտահոգություն հայտնեց, որ հրապարակում կարող են հնչել հայտարարություններ, որոնք կխանգարեն ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միասնական գործունեությանը: «Այն, ինչ իրականացնում ենք այս ընթացքում, հանկարծ հրապարակում նոր մոդելներ-բաներ պետք է չառաջարկվեն, որ հասարակությանը չգցեն թյուրիմացության մեջ, որ հանկարծ դուրս չգա, որ էն, ինչ արել ենք, սիրողական մարկարդակի հանդիպումներ են եղել: Ով այս պրոցեսի մեջ անմիջական մասնակցություն չունի՝ առնվազն պիտի չխոչընդոտի, թույլ տա, որ այս գործըթնացը թափ հավաքի, որովհետև հաջողության միակ ճանապարհը սա է»,- հավելեց նա: Նա շեշտեց նաև, որ կան մարդիկ, ովքեր խանգարում են ոչ իշխանական ուժերի միասնական պայքարին: Հարցին, թե ովքե՞ր են խանգարում, ՀՅԴ պատգամավորը պատասխանեց. «Շատ են՝ քաղաքական ուժ, դեմք, անձնավորություն, երբ համարում է, որ ամենաճիշտ ծրագրերն ու լուծումները ինքը ունի, գաղափարներն իրենն է, և այս համախմբումը, որը տեղի է ունենում, մի օրում չէ, որ տեղի է ունեցել, իրենց հայտարարություններով խանգարում են: Ամեն մեկը փորձում է առաջնորդի դերում հանդես գալ ու սա խանգարում է: Ամենամեծ արվեստը համաձայնությունների հասնելու արվեստն է: Տեսել ենք նախկինում նման բան, օդից չեմ ասում»,-ասաց Ռուստամյանը: