ԱԺ ընդդիմադիր ուժերը կմիանա՞ն իշխող ուժի նախաձեռնությանը
Երեկ Ազգային ժողովում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությունից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը՝ ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և ուսումնասիրել գազամատակարարման ոլորտը, հայտարարել էր.
«Համաձայն եմ, որ պիտի քննարկենք բոլոր հարցերը և մենք առաջիկայում ստեղծելու ենք հնարավորություն, որ դուք նախաձեռնել էիք այդ հանձնաժողովը ստեղծելու համար՝ ժամանակավոր, ստեղծելու ենք և բոլոր հարցերը քննարկելու ենք: Անպայմա՛ն, ու ես պիտի խնդրեմ, որ բոլոր քաղաքական ուժերը ակտիվ մասնակցություն ունենան»: «Անկեղծ ասած՝ ես այդտեղ ավելի շատ քմահաճություն եմ տեսնում: Եթե պետք է նույն հանձնաժողովը նույն հարցերին անդրադառնա, ապա ինչո՞ւ չմիացան մեզ: Բայց պատրաստակամ ենք, որ եթե իսկապես որևէ հանձնաժողով կփորձի պարզաբանումներ տալ այս շատ կարևոր հարցերին, մենք սիրով կմասնակցենք»,-Հ. Աբրահամյանի՝ գազամատակարարման խնդիրները քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարության կապակցությամբ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Հարցին, թե չե՞ք կարծում, որ այդ դեպքում, միանալով նրանց նախաձեռնությանը, կխաղաք ՀՀԿ-ի կանոններով, Ռուբեն Հակոբյանն ասաց, թե իրենք վերաբերմունք կարտահայտեն, երբ տեսնեն այդ հանձնաժողովի նախագիծը:
Ամեն դեպքում, նա շեշտեց, որ եթե այդ նախագիծը բառացիորեն, տառացիրոն կրկնի այն, ինչ ոչ իշխանական ուժերն էին ներկայացրել, ապա իրենք դրական կհամարեն: ԱԺ 2014թ. առաջին քառօրյան բավական հագեցած էր, քաղաքական լուրջ շեշտադրումներով: Իշխող քաղաքական ուժը՝ ՀՀԿ մեծամասնությունը քառօրյայի ժամանակ դեմ էր քվեարկել ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի նախաձեռնությանը:
«Քաաքական մեծամասնությունը լռեց, բայց այդ լռությունը բավական աղմկոտ լռություն էր, աղմուկը, ընդվզումը կար հասարակության մեջ, որովհետև հասարակության մեծամասնության կողմից ուշադրություն կար, բայց իշխանությունն այդպես էլ չպատասխանեց, ինչո՞ւ է խախտել սահմանադրության համապատասխան հոդվածները, պատասխան չունեցավ, թե ինչո՞ւ է խախտվել պետական բյուջեի, պետական պարտքի մասին օրեքը, որը աննախադեպ էր»,- ասաց Ռ. Հակոբյանը: