CNN-ի` ամենատգեղ hուշարձանների վարկանիշային ցուցակը հարուցել է բելառուսցիների վրդովմունքը
«Բրեստի հերոս- ամրոց» հուշահամալիրի վարչակազմն ամերիկյան CNN հեռուստաընկերության կազմած` աշխարհի ամենատգեղ հուշարձանների ցուցակը համարել է սրբապղծություն: ԱՄՆ լրագրողների վարկածով` բելառուսական հուշահամալիրը զբաղեցնում է այդ ցուցակի երկրորդ տեղը, հաղորդում է RT-ն:
«Այդ հսկան` զայրացած բելառուսը, որը վեր է խոյանում բետոնե հսկայական կտորից, այնպիսի տեսք ունի, կարծես մտադիր է իրեն ենթարկել ողջ Արևմուտքը` մինչ այդ Ամերիկան Արեգակի վրա նետելով». այսպես է մակագրված հուշարձանի լուսանկարը:
Ցուցակն առաջացրել է բելառուսական հանրության վրդովմունքը: Երկրորդ համաշխարհայինում զոհված հերոսներին նվիրված հուշահամալիրի տնօրեն Գրիգորի Բիսյուկը հայտարարել է, որ թանգարանի ղեկավարությունը մտադիր է բողոք ներկայացնել: Նա նշել է, որ հեռուստաընկերությունն առնվազն պաշտոնական եւ հրապարակային ներողություն պետք է խնդրի:
«Համոզված եմ, որ CNN-ի հայտարարությունը վրդովմունքով կընդունեն ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլ ողջ առաջադեմ մարդկությունը, որոնց որդիները ընկել են ֆաշիզմի դեմ մղված մարտերում»,-հայտարարել է Բելառուսի գրողների միության նախագահ Նիկոլայ Չերգինցան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ CNN –ի խմբագրությունը ներողություն է խնդրել հուշահամալիրն «աշխարհի ամենատգեղ հուշարձանների» ցուցակում ներառելու համար: