Պետական ծառայողներին բնակարանով ապահովելու ծրագիրը մեկնարկեց

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է նոր ծրագրի մեկնարկի մասին: «Հիշում եք, մենք միասին բավական երկար աշխատեցինք պետական ծառայողներին բնակարանով ապահովելու խնդրի շուրջ, – ասել է Տիգրան Սարգսյանը: -Այդ նախապատրաստական աշխատանքները մենք հասցրել ենք ավարտին և այսօր հայտարարում ենք այդ ծրագրի մեկնարկը: Այս պահի դրությամբ 3500 պետական ծառայող ցանկություն է հայտնել մասնակցել ծրագրին և մեր օրակարգում, պարոն Գաբրիելյան, առաջարկում եմ ներառել այդ հարցը և այդ ծրագիրը մանրամասն ներկայացնել, որպեսզի Երևան քաղաքում կարողանանք կարճ ժամանակում կառուցել շուրջ 1000 բնակարան ունեցող շենքեր և մեր աշխատողներին ապահովել բնակարանով, նաև դրան կցելով հիփոթեքային ապահովվածությունը: Կարծում եմ, որ սա կարևոր ազդակ կլինի պետական ծառայողներին»:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագրին, որին մասնակցել ցանկացողները մինչև ս.թ. մարտի 10-ը էլեկտրոնային կամ փաստաթղթային տարբերակով առաջարկ պետք է ներկայացնեն Կառավարական տուն 1 հասցեով:Հարցի քննարկումն ամփոփել է կառավարության ղեկավարը` նշելով, որ եթե վճարունակ պահանջարկն ավելանա, ապա կարվի ծրագրի երկրորդ փուլը: «Մեկ քառակուսի մետրի առավելագույն գինը կլինի 300 հազար դրամ, առավելագույն ժամկետը` 30 ամիս, գումարած հիպոթեքից օգտվելու հնարավորություն պետական ծառայողների համար, – մանրամասնել է վարչապետը: – Հանձնաժողովի նախագահը կլինի Վաչե Գաբրիելյանը, ում պետական ծառայողները կարող են դիմել բոլոր հարցերով: Սկսում ենք 1000 բնակարանով ծրագրից, եթե տեսնենք, որ հետաքրքրությունը մեծ է, կանենք երկրորդ քայլը»:
Հիմք ընդունելով «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզի) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 167-րդ, 193-րդ և 199-րդ կետերը` ՀՀ կառավարությունը որոշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցող պետական լիազոր մարմիններ ճանաչել`պետական (համայնքային) գնումների կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ ֆինանսների նախարարությունը, բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, մրցակցային քաղաքականության կարգավորման և վերահսկման ոլորտում` ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ղեկավարվելով նշված ժամանակացույցի 208.1 կետով` ՀՀ կառավարությունը որոշել է Մաքսային միության անդամ պետությունների մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի վարման հարցերի` Մաքսային միության անդամ պետությունների լիազոր մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության լիազոր մարմին ճանաչել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն:

Տեսանյութեր

Լրահոս