Ամփոփվել են Արմեն Գևորգյանի մարզային խորհրդակցությունները

Արմավիրի մարզպետարանում այսօր կայացած խորհրդակցությամբ ամփոփվեցին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կողմից անցկացվող մարզային խորհրդակցությունները, որոնց ընթացքում  ներկայացվում էին  2014թ. ծրագրերն ու 2013թ. կատարված աշխատանքները:

Խորհրդակցությանը, որին մասնակցում էին մարզպետ Աշոտ Ղահրամանյանը,  մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ, ինչպես նաեւ Տարածքային կառավարման նախարարության եւ մարզպետարանի պատասխանատուներ, զեկուցվեցին  մարզային  զարգացման ծրագրի կատարման արդյունքները: Նշվեց, որ  2013թ.  ծրագրով նախատեսված 119 միջոցառումից կատարվել է 96-ը: Մարզում 2013թ. ընդհանուր առմամբ իրականացվել է շուրջ  7 մլրդ դրամի ներդրում, որից 2,8  մլրդ դրամ ուղղվել է ենթակառուցվածքների, 1,4-ական մլրդ դրամ` սոցիալական եւ կրթության, 1,2-ական  մլրդ դրամ` քաղաքաշինության եւ գյուղատնտեսության ոլորտներին:

Մարզի համայնքների բյուջեների 2013թ. ընդամենը եկամուտների կատարողականը կազմել  է 100, 1%:  2012 թ. համեմատությամբ ընդամենը եկամուտների  ցուցանիշն աճել է 9,1 %-ով  կամ 454,4 մլն  դրամով: Սեփական եկամուտների կատարողականը (5 հարկատեսակների գծով) կազմել է 102,4 %:  2012թ. համեմատությամբ սեփական եկամուտներն աճել են 2,6%-ով:  Հողի հարկի հավաքագրումը կատարվել է  99,7 %-ով, գույքահարկինը` 109,7 %-ով:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ  դրական գնահատելով կատարողականի ցուցանիշները` անդրադարձավ խոշոր հարկատուների կողմից մարզի համայնքների նկատմամբ  պարտավորությունների հարցին: Հունվարի 10-ի դրությամբ միայն հողի հարկի եւ գույքահարկի մասով խոշոր հարկատուների ունեցած պարտավորությունը կազմում է  202 մլն դրամ: Փոխվարչապետը հատկապես  համայնքների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց այդ տվյալների վրա` հորդորելով հետեւողական լինել, որպեսզի  ժամանակին բոլոր պարտավորությունները կատարվեն:

Խորհրդակցության ընթացքում մարզպետը  տեղեկություններ ներկայացրեց  2013թ. կարկտահարությունից տուժած  համայնքներին  ցուցաբերված  աջակցության ծրագրերի մասին: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ մինչեւ ապրիլ  հանրապետության տարածքում կտեղադրվի  80  նոր հակակարկտային կայանք, որից միայն 50-ը` Արմավիրի մարզում: Հակակարկտային նոր կայանքների ձեռքբերման եւ գործողների նորոգման նպատակով կառավարությունը 2013թ. հունիս 6-ի որոշմամբ 350 մլն դրամ էր հատկացրել, որից  50 մլն դրամն ուղղվել է Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգում գտնվող մարզային կառավարման կենտրոնների արդիականացմանը, իսկ մնացածը` նոր կայանքների ձեռքբերմանը:

Քննարկվեցին նաեւ մարզի համայնքների  2014թ. բյուջեների կատարմանը, մարզպետարանների եւ համայնքային ենթակայության հիմնարկներում, համայնքապետարաններում աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը,   մարզում  գյուղատնտեսության աջակցության պետական  ծրագրերի կատարմանը, մարզի համայնքներում 2013թ. իրականացված վարչական հսկողության արդյունքներին  վերաբերող եւ ընթացիկ մի շարք այլ հարցեր:  Տեղեկություններ ներկայացվեց նաեւ մարզի համայնքներում էլեկտրոնային համակարգերի ներդրման գործընթացի վերբերյալ: Նշվեց, որ ներկայումս Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ է ներդրված մարզի 97 համայնքից  74-ում: Աշխատանքներ են իրականացվում նաեւ մյուս համայնքներում համակարգը ներդնելու ուղղությամբ:

Փոխվարչապետը նշեց, որ վերջին շաբաթներին մարզերում անցկացված խորհրդակցությունների ընթացքում բարձրացված մի շարք հարցեր կառավարությունում կքննարկվեն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ եւ լուծումներ կառաջարկվեն:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին  

Տեսանյութեր

Լրահոս