
ՀՀ մշակույթի նախարարի նորանշանակ նախարարի տեղակալի անունը շոշափվել է հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով. «Փաստինֆո»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ Ներսես Տեր-Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ: «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ տարիներ առաջ Ներսես Տեր-Վարդանյանի անունը շոշափվում էր հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։ Ուղիղ 4 տարի առաջ՝ 2010 թվականի փետրվարի 5-ին, ՀՀ գլխավոր դատախազությունը հարողրդագրություն տարածեց, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ վերջինիս օժանդակությամբ նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության պետի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու միջոցով խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի առթիվ:
«Ինօրիենթ» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ վերահսկիչ պալատից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարի նախկին խորհրդական, նույն նախարարության աշխատակազմի իրավաբանական և վերահսկողության վարչության ներկայիս պետ Ա. Հայրապետյանը ՀՀ մշակույթի նախարարի 2007թ. մայիսի 8-ի թիվ 233-Ա հրամանով հանդես է եկել որպես «2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախարարությանը հատկացված 19.010.000 դրամի շրջանակներում մեկ անձից ծառայությունների գնման կատարման գործընթացի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ:
Պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ նա կազմակերպել է նախարարության և 2004թ. հունիսի 2-ին իր հիմնադրած «Ինօրիենթ» ՍՊ ընկերության միջև 2007թ. մայիսի 11-ի իրավական ակտերի մշակման ծառայությունների ՀՀ ՄԵՀՆ-ԱՇՁԲ-3 գնման պայմանագրի կնքումը, որով նախատեսված 19.010.000 դրամ առանձնապես խոշոր չափերի գումարը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, որպես նախարարության պայմանագրերի կատարման նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող հանձնաժողովի անդամ, ստորագրել է փաստացի չկատարված աշխատանքների տեխնիկական բնութագրերի համապատասխանության վերաբերյալ 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կեղծ եզրակացությունները:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: