
Վրաստանում անցում են կատարել քաղաքապետերի ուղիղ ընտրման համակարգին

Civil Georgia-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ ընդունել է ինքնաղեկավարման նոր օրենսգիրքը, որով հանրապետությունում ամենուրեք ներդրվում են քաղաքապետերի ու համայնքների ղեկավարների ուղիղ ընտրություններ:
Փաստաթղթի օգտին քվեարկել է 77 պատգամավոր, դեմ՝ 7-ը: Նոր օրենսգրքով՝ քաղաքապետ ընտրելու հնարավորություն են ստանում «ինքնաղեկավարվող քաղաքների» բնակիչները: Նման կարգավիճակ ունեն այն բնակավայրերը, որոնց բնակչությունը կազմում է առնվազն 15.000 մարդ:
Մայրաքաղաք Թբիլիսիից բացի, դա մասնավորապես վերաբերում է Ռուսթավիին, Թելավիին, Զուգդիդիին, Բաթումին ու Փոթիին: «Ինքնաղեկավարվող համայնքների» (իրենում ներառում է մի քանի բնակավայրեր) բնակիչները նույնպես ուղիղ կընտրեն «գամգեբելի» (վարչակազմի ղեկավար):
Գործող օրենսդրությամբ ուղիղ ընտրում են միայն Թբիլիսիի քաղաքապետին: Մնացյալ քաղաքապետարանում վարչակազմի ղեկավարին ընտրում են տեղի «սաքրեբուլոյի» (ներկայացուցչական մարմին) պատգամավորները: Ինչ վերաբերում է նահանգապետերին, ապա նրանք նախկինի նման նշանակվելու են կառավարության կողմից: