
«Եվրամայդանի» ակտիվիստը «դեղորայքի» փաթեթը բացելու հետևանքով կորցրել է դաստակը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան ժամը 09.00-ին Կիևի «Մայդանում» հայտնվել է պայթուցիկ, որի վրա գրված է եղել «Դեղորայք»: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրամայդանի» ակտիվիստ Անատոլի Վեդմիդը:
Վերջինիս խոսքերով՝ պայթուցիկ սարքը գործել է փաթեթի բացման ժամանակ, ինչի հետևանքով կտրվել է երիտասարդ ակտիվիստներից մեկի դաստակը: Ներկայումս նա գտնվում է հիվանդանցում: Վեդմիդը հայտարարել է, որ հայտնի չէ, թե ինչ տիպի պայթուցիկ է գտնվել փաթեթում, և որ այդ հարցը գտնվում է հետազոտման փուլում:
«Մայդանի» ինքնապաշտպանական ուժերը փորձում են պարզել, թե ով է փոխանցել այդ փաթեթը: Ուկրաինայի ՆԳՆ-ը հաստատել է, որ հաղորդագրություն է ստացել պայթյունի մասին, որը ժամը 12.20-ի մոտ գրանցվել է Արհմիությունների տանը: Ոստիկանության տվյալներով՝ տուժածին աչքի ու դաստակի վնասվածքներով տեղափոխել են թիվ 17 հիվանդանոց: