
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին ու անդամ երկրներին կոչ է անում անհատական պատժամիջոցներ կիրառել ուկրաինացի այն պաշտոնյաների, օրենսդիրների, օլիգարխների այցերի, ակտիվների ու անշարժ գույքի նկատմամբ, որոնք մասնակից են «Եվրամայդանի» հանդեպ «խիստ միջոցներին» ու ակտիվիստների զոհվելուն:
«Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ» համապատասխան բանաձևը քվեարկության միջոցով ընդունվել է այսօր՝ Եվրախորհրդարանի լիագումար նիստում: Նախօրեին տվյալ խնդրի շուրջ բանավեճեր էին ծավալվել Եվրախորհրդարանում, որոնց ընթացքում Ուկրաինայի ղեկավարությունը ենթարկվել է կոշտ քննադատության:
Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը բաղկացած է 22 կետից: Բանաձևում նշված է, որ Եվրախորհրդարանը ԵՄ-ին, ԱՄՆ-ին, ԱՄՀ-ին, Համաշխարհային բանկին, Եվրոպական զարգացման ու վերակառուցման բանկին, Եվրոպական ներդրումային բանկին կոչ է անում շարունակել ֆինանսական կոնկրետ օգնության երկարաժամկետ փաթեթի պատրաստումը, որպեսզի օգնեն Ուկրաինային հաղթահարել ֆինանսական ու սոցիալական վատթարացող իրավիճակը:
Բացի այդ, տվյալ օգնությունն անհրաժեշտ է Ուկրաինայի տնտեսության համար խորը և համապարփակ բարեփոխումներ իրականացնելու համար: