Օրակարգը, դեռ չլայնացած` նեղանում է

Գազամատակարարման ոլորտն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին մերժում ստանալուց հետո ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները պատրաստվում են ձևավորել քաղաքական լայն օրակարգ:

Թե կոնկրետ ի՞նչ քայլ են նախատեսում իրականացնել ոչ իշխանական ուժերը` ԱԺ չորս խմբակցությունների պատգամավորները դեռևս փակագծերը չեն բացում, փոխարենը` վստահեցնում են, թե այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Մեզ հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե քաղաքական լայն օրակարգի վրա չորս խմբակցություններն աշխատում են: «Բայց թույլ տվեք այս պահին չբացել փակագծերը»,- հավելեց Զոհրաբյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ նախընտրեց մանրամասներ չհայտնել` հորդորելով սպասել: «Երբ կլինի` այն ժամանակ կիմանաք: Մի անհանգստացեք, մենք մեր քայլը կանենք: Հիմա մենք` չորս խմբակցություններով, բանակցում ենք, և երբ լինի համաձայնեցված որոշում, հանրությանը տեղյակ կպահենք»,- նշեց Զուրաբյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ ասաց, թե քաղաքական լայն օրակարգի ձևավորման մասին խոսակցություններն իրենց համար հիմա քննարկելի չեն: Նա նշեց, թե քաղաքական լայն օրակարգը ենթադրում է ոչ իշխանական չորս ուժերի համաձայնեցում տարբեր խնդիրների շուրջ: «Լայն օրակարգն ունի համաձայնեցնելու հետ կապված խնդիրներ: Սա բավականին լուրջ հարց է, և կան տարաձայնություններ»,- հայտնեց նա: Ա. Ռուստամյանը նշեց, թե քաղաքական լայն օրակարգի ձևավորման «արծարծումն ինքնին վտանգ է պարունակում», որովհետև հասարակությունը կարող է կրկին հիասթափվել: «Հիմա մի բան ասենք, ժողովուրդը սպասի, ու հանկարծ էնպես չլինի, հիասթափվելու են, եղածն էլ կորցնենք: Դրա համար պիտի շարժվենք կամաց` ՑՌՔպ պՊպՔՖ, ՊՈսՖՔպ ոցՊպՔՖ»,- պարզաբանեց ՀՅԴ պատգամավորը:

Կարդացեք նաև

Իսկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի չգիտակցել երկրում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը, ապա խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն քաղաքական համապատասխան օրակարգ` Հայաստանում իրականացնելով ամբողջական իշխանափոխություն:

«Պետությունն իսկապես գտնվում է ծանրագույն վիճակում: Մասնավորապես, ոչ իշխանական չորս ուժերի գնահատականը պետության վիճակի մասին հենց այսպիսին է: Միայն քաղաքական մեծամասնությունը, ցավոք, չի ընդունում, որ պետությունը հայտնվել է այսպիսի վատ վիճակում: Պետք է նաև հասկանալ, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող երկիրը միայնակ դուրս բերել նման պայմաններից, ուստի ավելի իմաստուն կլինի` փորձ կատարել` միասնական ուժերով, քաղաքական լայն օրակարգով, երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել: Եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի չգիտակցել երկրում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը, ապա խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն քաղաքական համապատասխան օրակարգ, ինչին, կարծում եմ` կմիանան նաև ոչ խորհրդարանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները և միասնաբար Հայաստանում կիրականացնեն ամբողջական իշխանափոխություն,- նշեց նա` շարունակելով,- Ուզում եմ նորից կրկնել, որ եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի իր ինքնագոհ պահվածքը և համարժեք քայլեր չձեռնարկի` իրավիճակը արմատապես փոխելու ուղղությամբ: Ցանկանում եմ անպայման նշել, որ միասնական քաղաքական օրակարգը ժողովրդի համար պետք է լինի համոզիչ, թափանցիկ և ոչ ինքնանպատակ»:

Մեր հարցին, թե ոչ իշխանական մուս երեք ուժերը կմիանա՞ն ամբողջական իշխանափոխության առաջարկին, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, թե ինքը չի կարող նրանց փոխարեն պատասխանել, բայց նշեց. «Նկատի ունենալով նրանց հայտարարությունները` կարծում եմ, որ բոլորն էլ կողմնակից են դրան:

Բայց միայն ընդհանուր քննարկումից հետո հնարավոր կլինի ասել` որքանո՞վ են քաղաքական ուժերն այս պահին պատրաստ այս ձևաչափով ձևավորել ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգ: Կարող եմ միայն ասել, որ առայժմ, չորս խմբակցություններով, եկել ենք այն համաձայնության, որ միասնական օրակարգում կառաջադրվեն այն հարցերը, որոնք կլինեն կոնսենսուսային, բոլորի համար ընդունելի: Ամբողջական իշխանափոխության հարցը դեռևս օրակարգ չի բերվել»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն էլ կարծիք հայտնեց, թե ոչ իշխանական չորս խմբակցությունները պետք է առաջադրեն կառավարության հրաժարականի հարցը:

«Ես ընդամենը իմ մոտեցումն եմ ասում` հիմա ամբողջովին բաց է կառավարության հրաժարականի հարցը դնելը: Ես կարծում եմ` հիմա կառավարության հրաժարականը չդնելն առնվազն սխալ է»,- նշեց Արամ Մանուկյանը:

Դաշնակցությունն էլ այս մասով հայտարարեց, որ բուն գաղափարին, այն է` պահանջել կառավարության հրաժարական, իրենք դեմ չեն, բայց համարում են, որ ենթատեքստը պիտի փոխվի: Մեր հարցին, թե` կմիանա՞ք կառավարության հրաժարականի պահանջին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Բովանդակային մասով խնդիրներ կան: Բուն գաղափարին մենք դեմ չենք, մենք անվստահության հարց ժամանակին բարձրացրել ենք: Մենք գաղափարն ընդունում ենք, բայց նույն բանն անընդհատ կրկնելուն ենք դեմ, որովհետև նույն թեման անընդհատ կրկնելը, չեմ կարծում, թե ուժեղացնում է մեզ: Դրա համար, եթե այդ հարցին պետք է անդրադառնանք, պիտի ենթատեքստը մի քիչ փոխվի: Մենք նման առաջարկ ստացել ենք, գիտենք, այդ խնդիրը քննարկվում է, կքննարկենք, տեսնենք` ինչ կլինի»:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանից էլ հետաքրքրվեցինք, թե ԲՀԿ-ն կողմնակի՞ց է քաղաքական լայն օրակարգի ձևավորմանը, որը ենթադրում է իշխանափոխություն: Մելքումյանն ասաց, թե ինքը բազմիցս անդրադարձել է այդ հարցին:

Մեր դիտարկմանը, թե հիմա քաղաքական իրավիճակ է փոխվել, Մելքումյանը հարցին հարցով պատասխանեց.

«Դե հիմա, որ ասենք` իշխանափոխություն` լինելո՞ւ է էդ իշխանափոխությունը: Ես ասել եմ, որ իշխանափոխությունը մենակ իշխանափոխություն ասելով չի լինում, և հետո իշխանափոխությունից հետո ո՞վ է գալու: Մենք պետք է այդ հարցն այդպես չդնենք: Ես ասել եմ` պետք է ուժեղանանք, հզորանանք, օրենքի բոլոր խողովակներով գործենք, բերենք նրան, որ կուրսը փոխենք: Ասել ու կողքի քաշվե՞լ… պարզ չէ, թե դրանից հետո ինչ է լինելու, ասենք` իշխանափոխություն, քայլեր չանենք, դրանից մեր վարկանիշը իջնի»:

Տեսանյութեր

Լրահոս