Արամ Մանուկյան. Ո՞նց էին նախարարներն իրենց այստեղ պահում… գիտեն՝ ոչ մեկը քթներին չի խփելու

«Ամեն մի գործարք այս վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ծածկում է նախորդի պատկերը: Այնքան ցցուն, բոլորի շահերին կպնող գործընթացներ են եղել՝ և՛ սեպտեմբերի 3-ը, և՛ գազը, և՛ ջուրը, և՛ թոշակները, որ ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը»,-այսօր այս մասին ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործունեությանը վերաբերյալ Ռոբերտ Նազարյանի զեկույցից հետո հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նա նշեց, թե նման գործարքների թվին է դասվում «Որոտան» հէկ-ի վաճառքը, ապա շեշտեց, թե դեռևս նոյեմբերին Կառավարությունը՝ շատ լավ իմանալով, որ վաճառելու է «Որոտանը», նրան ամրացրել է գույք՝ չորս ռազմավարական ջրամբարի տեսքով, որպեսզի դա հեշտ վաճառի:

Պատգամավորը հիշեցրեց Կառավարության հետ երեկվա հարցուպատասխանը՝ նշելով, որ երկու նախարարները միմյանց հակասում էին: «Չեն էլ հասցնում իրար հետ ներդաշնակության մեջ մտնել»,- նկատեց ՀԱԿ պատգամավորը:

Երեկ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարել էր, թե «Որոտանը» 40 տարեկան էր և դա է պատճառը, որ այն վաճառելու որոշում են կայացրել: Արամ Մանուկյանն այս առնչությամբ նկատեց, թե Արմեն Մովսիսյանն էլ «ամենահին նախարարն է», աշխատում է 2001 թվականից և հետաքրքվեց. «Հնությունը չափանի՞շ է վաճառելու, օտարելու համար… այդ տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունի կա… արգումենտ չունենք վաճառքի համար: Եթե ուրիշ բան կա, թող հավաքեն խմբակցությունների ղեկավարներին, ասեն՝ այս խնդիրն ենք լուծում»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Դիմելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին և Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանին, Արամ Մանուկյանն ասաց, թե երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս «երկու նախարարներն իրենց լավ չպահեցին».

«Իրանց մեծ-մեծ խոսալը… հարգելի Հանրապետական, ձեր թույլտվության արդյունքում է, ո՞նց էին պահում իրենց նախարարներն այստեղ, պահում էին այնպես, որ գիտեն՝ ոչ մեկը քթներին չի խփելու, չի հակադարձելու, ամենևին չեն զգում սա՝ որպես պառլամենտ, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին: Ո՞նց էր Հրայրի պահվածքը՝ շատ վատ, մեր վերաբերմունքն իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան»:

Ա. Մանուկյանը հայտարարեց նաև, որ երկրում բոլոր հարցերը մեկ տեղ են լուծվում՝ նախագահական նստավայրում, և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարող պայքարել օլիգարխների ու մանիպուլյացիաների դեմ, Ռոբերտ Նազարյանն էլ չի կարող ոչինչ անել գների թանկացման դեմ:

«Խի կարո՞ղ է Ալեքսանյանի դեմ պարոն Նազարյանը դուրս գա, դա նշանակում է դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ, նույնը Շաբոյանը՝ կարո՞ղ է դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, էդ քանի՞ գլուխ ունի նա»,- հավելեց ՀԱԿ պատգամավորը:

Իր տեղից Արամ Մանուկյանին հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հորդորելով կոռեկտություն պահպանել: Նա նշեց, թե գնահատականներ հնչեցնելուց և կոռեկտություն ակնկալելուց առաջ յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ հարգալից պետք է վարվի:

Տեսանյութեր

Լրահոս