Նիդերլանդներում ֆինանսական ոլորտի մինչև 90.000 աշխատակից կտա ազնվության երդում
Ամերիկյան Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Նիդերլանդներում այս տարվա երկրորդ կեսից բանկիրները պարտավոր կլինեն տալ հատուկ երդում: Այս մասին հայտարարել է բանկային ասոցիացիայի ղեկավար Քրիս Բույժինիկը: Նշվում է, որ երդումը կդառնա իր տեսակում առաջին նախաձեռնությունը Եվրոպայում:
Հունվարին երդում են տվել հոլանդակային վարկային կազմակերպությունների ղեկավար մարմինների բոլոր անդամները: Երդումն ունի հետևյալ տեսքը. «Երդվում եմ, որ անելու եմ ինձանից կախված ամեն ինչ, որպեսզի պահպանեմ ու բազմապատկեմ ֆինանսական ոլորտի հանդեպ վստահությունը, և թող Աստված օգնի ինձ»:
Աստվածամերժների (աթեիստ) համար մշակվել է այլընտրանքային տարբերակ: Ընդհանուր առմամբ, երդում պետք է տա ֆինանսական ոլորտի մինչև 90.000 աշխատակից: Իրենց երդումը դրժած բանկիրների համար սահմանվելու են պատիժներ:
Մասնավորապես, նրանց կարող են ներառել հատուկ «սև ցուցակներում», ենթարկել կարգապահական տույժերի ու տուգանքների: Այդ գործողություններն ուժի մեջ կմտնեն 2015 թվականից: Խախտում կատարածներին հայտնաբերելու համար հոլանդական բանկերում ստեղծվելու են կարգապահական հանձնաժողովներ ու տրիբունալներ: Դրանք աշխատելու են միայն այն բանկիրների հետ, որոնք երդում են տվել: