
Կիևում ցուցարարները շրջապատել են կառավարական թաղամասը

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ մոտ 3000 ակտիվիստ այսօր առավոտյան Կիևում դուրս է եկել «Մայդանից» և շարժվել է կառավարական թաղամասի ուղղությամբ: Ցուցարարները նպատակ են հետապնդում դրանով իսկ իշխանություններին հիշեցնել իրենց մասին և արագացնել «Մայդանի» պահանջների իրագործումը:
Ցուցարարների շարասյան առջևից ընթանում է բեռնատար մեքենա, որի վրա տեղակայված բարձրախոսով ակտիվիստները հնչեցնում են իրենց պահանջները: Առջև շարքերում գտնվում են նաև մի շարք պատգամավորներ: Ցուցարարները «զինված են» Ուկրաինայի պետական և ընդդիմադիր «Բատկիվշչինա» ու «Սվոբոդա» կուսակցությունների դրոշներով:
«Ավտոմայդանի» մասնակիցները նույնպես հավաքվում են կառավարական թաղամասում: Ակտիվիստների մեծ մասը կրում է դիմակներ, սաղավարտներ ու վահաններ: Իրավապահներն իրենց հերթին անցել են գործի և շրջապատել են Գերագույն ռադայի ու Առողջապահության նախարարության տարածքը: