Թուրքիայի գլխավոր շտաբը փորձում է պարզել, թե ով է կեղծ հանցանշաններ պատրաստել «Բալյոզի» գործով
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը զինդատախազներին կարգադրել է հետաքննություն սկսել՝ պարզելու համար, թե ով է ռազմական շտաբի շենք անցկացրել վարկաբեկիչ տեղեկատվությամբ կոշտ սկավառակ:
Վերջինս հայտնաբերվել էր Գյոլջյուքում տեղակայված ռազմածովային նավատորմի հրամանատարությունում 2010 թվականի դեկտեմբերի 6-ին անցկացված խուզարկության ժամանակ և հանդիսացել է «Բալյոզ» («Կռան») ռազմական հեղաշրջման փորձի գործով առանցքային հանցանշան, որի շրջանակներում դատարանի առաջ էր կանգնել 365 գործող ու պաշտոնաթող զինվորականներ:
Գլխավոր շտաբի նոր հրամանի համար հիմք է ծառայել Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) վերջին զեկույցը, որի համաձայն, հայատնաբերված կոշտ սկավառակում պարունակվող ֆայլերի ստեղծման ժամկետը ենթարկվել է փոփոխության:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 20-ին Taraf թերթը հրապարակեց 2003 թվականին պլանավորված Balyoz ռազմական հեղաշրջման պլանի մանրամասների վերաբերյալ մի հոդված:
Զինված ուժերի 162 սպաների, այդ թվում՝ 29 գեներալների կողմից հավանության արժանացած այդ պլանի համաձայն, նախատեսված էր երկրում հայտարարել արտակարգ դրություն և քաոսի ու բռնության մթնոլորտի ստեղծման ճանապարհով հեղաշրջման կազմակերպման համար համապատասխան հիմք ստեղծել:
Թուրքական մի շարք փորձագետների կարծիքով՝ 2003 թվականին կարող էր տեղի ունենալ Թուրքիայի Հանրապետության ողջ պատմության մեջ ամենաարյունալի հեղաշրջումը: