Եվրախորհրդարանն այսօր բանաձև կընդունի Ուկրաինայի վերաբերյալ
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանն այսօր բանաձև կընդունի Ուկրաինայի վերաբերյալ: Այս մասին նշված է Եվրախորհրդարանի օրակարգում, ուր գրանցված է Ուկրաինայում տիրող քաղաքական իրավիճակի վերաբերյալ բանաձևի 7 տարբերակ:
Երեկ Եվրախորհրդարանում բանավեճեր են ծավալվել Ուկրաինայի իրադարձությունների վերաբերյալ: Եվրախորհրդարանը պատրաստվում է ԵՄ-ի անդամ երկրներին կոչ անել անձնական պատժամիջոցներ պատրաստել ուկրաինացի պաշտոնյաների, օրենսդիրների, օլիգարխների նկատմամբ, որոնք մասնակից են «Մայդանի» ցրմանը և ակտիվիստների զոհվելուն:
Այս մասին նշված է Եվրախորհրդարանում մշակված բանաձևի համատեղ նախագծում: Դրանում ուշադրություն է հրավիրվում նրան, որ Ուկրաինայում արդեն երկու ամսից ավելի է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքի զանգվածային ակցիաները, իսկ դժգոհությունն արդեն իսկ տարածվել է շրջաններում, ուր ժողովուրդն իր վերահսկողության տակ է առնում տեղի վարչական շենքերը:
Բանաձևի նախագծում մտահոգություն է հայտնվում այն կապակցությամբ, որ չնայած միջազգային ճնշմանը՝ Ուկրաինայի իշխանությունները շարունակում են ցուցարարների հանդեպ իրականացնել ահաբեկման, բռնությունների, կտտանքների ենթարկելու քաղաքականություն:
Ընդգծվում է, որ ցուցարարների յուրաքանչյուր բռնի ցրումը կամ արտակարգ դրություն մտցնելը կհամարվի որպես քրեորեն պատժելի գործողություն ու հիմնարար իրավունքների խախտում, և որ դա կունենա միջազգային լուրջ հետևանքներ:
Բանաձևի նախագծում աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ժողովրդին, ով պայքարում է ազատ, ժողովրդավարական, անկախ Ուկրաինայի ու նրա եվրոպական հեռանկարի համար: Բացի այդ, Ռուսաստանին կոչ է արվում զերծ մնալ ավելորդ ճնշում գործադրելուց, որն ուղղված է հարևան երկրի ինքնիշխան իրավունքների խաթարմանը՝ կապված սեփական ապագան հստակեցնելու հետ: