ՌԴ ԱԳՆ-ը «օլիմպիական հրադադարի» կոչ է արել զինված հակամարտությունների բոլոր մասնակիցներին
ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել՝ կապված օլիմպիական խաղերի անցկացման հետ: Դրանում նշված է, որ 2014 թվականի փետրվարի 7-23-ին ու մարտի 7-16-ին Ռուսաստանի Սոչի քաղաքում անցկացվելու են համապատասխանաբար 22-րդ Ձմեռային օլիմպիական և 11-րդ Պարօլիմպիական խաղերը.
«Ռուսաստանը՝ որպես Ձմեռային օլիմպիական խաղերի կազմակերպիչ ու հյուրընկալող, բոլոր զինված հակամարտությունների մասնակիցներին՝ անկախ երկրից ու մայրցամաքից, համառորեն կոչ է անում այդ ընթացքում հայտարարել «օլիմպիական հրադադար»:
Մեր կոչն առաջին հերթին ուղղված է Սիրիայի արյունալի հակամարտության կողմերին, ինչը լրջորեն ապակայունացնող ազդեցություն է ունենում ոչ միայն այդ երկրի, այլև՝ ողջ տարածաշրջանի վրա ընդհանրապես»:
ՌԴ ԱԳՆ-ը հիշեցրել է, որ «օլիմպիական հրադադար» հայտարարելն ունի պատմական խոր արմատներ, որոնք ձգվում են մինչև Հին Հունաստանի օլիմպիական խաղեր, երբ դրանց անցկացման ժամանակ դադարեցվել են բոլոր պատերազմներն ու հակամարտությունները:
Նշվում է, որ «օլիմպիական հրադադարի» կոչով բոլոր երկրներին դիմել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: