ԵՄ-ը «Արևելյան գործընկերների» հետ Ասոցացման համաձայնագրերի հարցը չի քննարկի ՌԴ-ի հետ. Ֆյուլե
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը չի պատրաստվում «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված երկրների հետ առանձին Ասոցացման համաձայնագրեր ստորագրելու հարցն աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկել Ռուսաստանի հետ:
Այս մասին եվրապատգամավորների առջև ունեցած ելույթում հայտարարել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նա մանրամասնել է, որ «Հունվարի 28-ին Բրյուսելում տեղի ունեցած «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովի շրջանակներում որոշվել է ստեղծել երկկողմ խումբ՝ քննարկելու համար Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի ազդեցությունը Ռուսաստանի տնտեսական ու առևտրային շահերի վրա.
«Սակայն դա չի նշանակում, որ մենք անտեսում ենք մեր գործընկերներին և առանց նրանց քննարկումներ ենք անցկացնելու ռուսների հետ: Այդ մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա լինելու է ընդհանուր քննարկում և ոչ թե քննարկում կոնկրետ գործընկեր երկրի հետ կոնկրետ ասոցացման շուրջ»: