
Բրյուսելում քննարկվել է ՆԱՏՕ-ի ու Վրաստանի միջև համագործակցության հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ երեկ Բրյուսելում անցկացվել է «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
Նիստի ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցության կարևորությունը և ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի՝ ամուր գործընկերային հարաբերություններ ունենալը: Խոսք է գնացել ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանի գրանցած առաջընթացը՝ ի դեմս վերջին շրջանում նրա իրականացրած բարեփոխումների:
Ռասմուսենն ընդգծել է Վրաստանի դերը եվրաատլանտյան անվտանգության ընդհանուր գործընթացում, ինչը մասնավորապես վերաբերում է Աֆղանստանում ISAF-ի առաքելությանը Վրաստանի մասնակցելուն: Նիստին վրացական կողմից մասնակցել են նաև արտգործնախարար Մայա Փանջիկիձեն ու եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-Վրաստան» հանձնաժողովը ստեղծվել է 2008 թվականի սեպտեմբերին` որպես քաղաքական խորհրդատվության ու գործնական համագործակցության ֆորում, որը նպաստելու է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: