Ռուբեն Հակոբյան. Ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն ամբողջական իշխանափոխության օրակարգ
«Պետությունն իսկապես գտնվում է ծանրագույն վիճակում: Մասնավորապես` ոչ իշխանական չորս ուժերի գնահատականը պետության վիճակի մասին հենց այսպիսին է: Միայն քաղաքական մեծամասնությունը, ցավոք, չի ընդունում, որ պետությունը հայտնվել է այսպիսի վատ վիճակում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Պետք է նաև հասկանալ, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող երկիրը միայնակ դուրս բերել նման պայմաններից, ուստի ավելի իմաստուն կլինի փորձ կատարել միասնական ուժերով, քաղաքական լայն օրակարգով երկրում արմատական բարեփոխումներ իրականացնել: Եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի չգիտակցել երկրում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը, ապա խորհրդարանի ոչ իշխանական ուժերը պետք է միասնաբար ձևակերպեն քաղաքական համապատասխան օրակարգ, ինչին, կարծում եմ, կմիանան նաև ոչ խորհրդարանական քաղաքական ուժերն ու քաղաքացիական նախաձեռնությունները և միասնաբար Հայաստանում իրականացնեն ամբողջական իշխանափոխություն: Ուզում եմ նորից կրկնել՝ եթե քաղաքական մեծամասնությունը շարունակի իր ինքնագոհ պահվածքը և համարժեք քայլեր չձեռնարկի՝ իրավիճակը արմատապես փոխելու ուղղությամբ:
Ցանկանում եմ անպայման նշել, որ միասնական քաղաքական օրակարգը ժողովրդի համար պետք է լինի հոմոզիչ, թափանցիկ և ոչ ինքնանպատակ»,- նշեց Ռուբեն Հակոբյանը:
Մեր հարցին՝ արդյոք ոչ իշխանական մուս երեք ուժերը կմիանա՞ն ամբողջական իշխանափոխության առաջարկին, Ռուբեն Հակոբյանն այսպես արձագանքեց. «Ես չեմ կարող նրանց փոխարեն պատասխանել: Բայց, նկատի ունենալով նրանց հայտարարությունները, կարծում եմ, որ բոլորն էլ կողմնակից են դրան: Բայց միայն ընդհանուր քննարկումից հետո հնարավոր կլինի ասել՝ որքանո՞վ են քաղաքական ուժերն այս պահին պատրաստ այս ձևաչափով ձևավորել ամբողջական իշխանափոխության միասնական օրակարգ:
Կարող եմ միայն ասել, որ առայժմ չորս խմբակցություններով եկել ենք այն համաձայնության, որ միասնական օրակարգում կառաջադրվեն այն հարցերը, որոնք կլինեն կոնսենսուսային, բոլորի համար ընդունելի: Ամբողջական իշխանափոխության հարցը դեռևս օրակարգ չի բերվել»: