
5%-ի շրջապտույտը. Արդյոք պետական հիմնարկներում պահված կուտակային գումարները փոխանցվե՞լ են ֆոնդերին

Պետական կառույցներում աշխատակիցներին արդեն վճարում են հունվար ամսվա աշխատավարձը, և պարզ է դարձել 5% պահումներ են կատարվում: Արդյոք այդ գումարները փոխանցվե՞լ են կենսաթոշակային ֆոնդերին, թե՞ դեռ ոչ, այսինքն՝ պահումն արվել է, բայց փոխանցումը դեռ ոչ և կախված կլինի մարտի 28-ին Սահմանադրական դատարանի վճռից:
Մեր հարցմանն ի պատասխան՝ Կենտրոնական բանկից 168.am-ին տեղեկացրին, որ գումարների հոսքին հետևում է Պետական եկամուտների կոմիտեն: Սակայն ՊԵԿ-ից էլ նշեցին, թե իրենք առնչություն չունեն և տեղեկությունը կարելի է ճշտել կամ Կենտրոնական դեպոզիտարիայից, կամ հենց ֆոնդերից: ՀՀ-ում գործող 2 ֆոնդերից հաջողվեց կապ հաստատել «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերության հետ, որտեղ մերժեցին մեր հարցին պատասխանել՝ պատճառաբանելով, թե դա գաղտնիք է: Դեպոզիտարիայից պատասխանեցին, որ կուտակային գումարը դեռ չի փոխանցվել իրենց՝ պետք է ՊԵԿ-ում ստուգեն արդյոք ճիշտ են կատարվել հաշվարկները, այնուհետև Կենտրոնական գանձապետարանում պետք է ավելացվի պետական մասնակցության 5% գումարը, որից հետո գումարը կփոխանցվի դեպոզիտարիա և կբաժանվի ֆոնդերին: