ԼՂՀ-ը վաղ թե ուշ կճանաչվի Ադրբեջանի կողմից և կդառնա ՄԱԿ-ի անդամ. ռուս քաղաքագետ

Ադրբեջանական Axar.az լրատվական կայքին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Նորագույն պատմությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովն անդրադարձել է կատարել Գագաուզիայի ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրներին: Անդրադառնալով ոչ վաղ անցյալում Գագաուզիայում անցկացված հանրաքվեին՝ Մարտինովը հայտարարել է.

«Մոլդովայի կազմում գտնվող Գագաուզիայի ինքնավարությունը չի ցանկանում ինտեգրվել ԵՄ-ին: Գագաուզիայի բնակչության մեծ մասը հանդես է գալիս Մաքսային միությանն (Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս) անդամակցելու օգտին: Միևնույն ժամանակ Գագաուզիայի բնակիչների մեծ մասը քվեարկել է Մոլդովայից անկախանալու օգտին»:

Մարտինովը մանրամասնել է, որ այդ ամենը պայթունավտանգ իրավիճակ է ստեղծել Մոլդովայում՝ ընդգծելով, որ Ռումինիան իր հերթին անտարբեր չէ այդ զարգացումների նկատմամբ և ակնդետ հետևում է դրանց:

Մարտինովին հիշեցրել են, որ մի քանի շաբաթ առաջ խոսք է գնացել Մաքսային միության ԼՂՀ-ի անդամակցության հնարավորության շուրջ, և որ այդ հարցը վերստին կարող է օրակարգ վերադառնալ Գագաուզիայի հանրաքվեից հետո:

Ի պատասխան՝ Մարտինովը հայտարարել է. «Իսկ ինչու ոչ: Դա ԼՂՀ-ի ու Մաքսային միության անդամների մասնավոր գործն է»: Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ հարցի հետ կապված՝ Մարտինովը հայտարարել է.

«Թեև այսօր ԼՂՀ-ը ճանաչված պետություն չէ, սակայն ես վստահ եմ, որ վաղ թե ուշ այդ հարցը կլուծվի, և այդ ոչ մեծ պետությունը կճանաչվի Բաքվի, Երևանի ու Մոսկվայի կողմից, իսկ հետո կդառնա ՄԱԿ-ի անդամ, ինչը և կհանգեցնի այլ երկրների կողմից նրա ճանաչմանը»:

Ադրբեջանական լրատվամիջոցը Մարտինովի այս հայտարարությունը որակել է որպես «շոկային»:

Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին Գագաուզիայում տեղի ունեցած հանրաքվեի ժամանակ դրա մասնակիցների 98.47 տոկոսը կողմ է արտահայտվել Մաքսային միությանն անդամակցելուն, իսկ 98.09 տոկոսը կողմ է քվեարկել անկախությանը: Ընտրողների մասնակցության ցուցանիշը կազմել է 70.42 տոկոս:

Ներկայումս խոսակցություններ են շրջանառվում, որ Մոլդովան Ուկրաինայի նման հայտնվել է մասնատման վտանգի տակ: Երկու դեպքում էլ դա նախաձեռնողի հարցում շոշափվում է Ռուսաստանի անունը:

Տեսանյութեր

Լրահոս