
Սաուդյան Արաբիայում իշխանություններին քննադատած լրագրողին դատապարտել են 12-ամյա ազատազրկման

The Daily Star-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի դատարանը նախօրեին 12-ամյա ազատազրկման է դատապարտել լրագրող Վաջի ալ Գիզավիին՝ «տիրակալին չենթարկվելու» և հեռուստաեթերով թագավորությանը «խռովարար մեղադրանքներ» հասցեագրելու համար: Նրան նաև մեղադրել են ահաբեկչություն խթանելու և «Ալ-Քաիդայի» հետ կապեր պահպանելու մեջ:
Դատարանը լրագրողին արգելել է նաև 20 տարվա ընթացքում լքել երկիրը և աշխատել ԶԼՄ-ներում: Նրան մեղադրել են նաև Սաուդյան Արաբիայի թշնամիների հետ շփումների և նրանցից «կասկածելի գումարներ» ստանալու մեջ: Հետաքննության տվյալներով՝ լրագրողը 2009 թվականին շփվել է Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի հետ, երբ Տրիպոլիի ու Էր-Ռիյադի հարաբերությունները հասել էին լարվածության գագաթնակետին:
Լիբիայի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները մշտապես էլ եղել են լարված: Նախորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում ուժի մեջ է մտել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որով թագավորությունում իշխանափոխության կոչերը համարվում են քրեական հանցանք: Ահաբեկչություն է համարվում նաև յուրաքանչյուր գործողությունը կամ հայտարարությունը, որը խաթարում է հասարակության կամ պետության հիմքերը: