Ադրբեջանցի զինվորականները ծանոթանում են թուրքական ANKA անօդաչու թռչող սարքի հնարավորություններին
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հետաքրքրված է թուրքական արտադրության ANKA անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) գնմամբ: Ադրբեջանի զինված ուժերն այժմ ուսումնասիրում են թուրքական TAI ընկերության արտադրության ANKA ԱԹՍ-երի տեխնիկական հնարավորությունները:
Այս մասին հայտնել է TAI ընկերությունը, որն Ադրբեջանի զինված ուժերին ներկայացրել է ANKA-ի հնարավորությունները: Թուրքական ԱԹՍ-երի հնարավորություններին գնահատական տալուց հետո կողմերը կքննարկեն դրանց գնման հարցը: Ադրբեջանական կողմը հետաքրքրված է նաև ANKA-ի հարվածային տարբերակով:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, թե ANKA-ի երկարությունը կազմում է 8 մետր, իսկ թևերի բացվածքը՝ 17.3 մետր: ԱԹՍ-ն ունի 155 ձիաուժ հզորությամբ շարժիչ, այն կարող է օդում անընդմեջ մնալ 24 ժամ և հետախուզություն իրականացնել 9000 մետր բարձրությունից: Ներկա դրությամբ ANKA-ն ունի ինֆրակարմիր և դիտարկման էլեկտրոնային-օպտիկական համակարգեր: