Դաշնակցականները բողոքի ակցիա անցկացրեցին ԱԳՆ-ի դիմաց. «ԵԱՀԿ, մի՛ լռիր» (տեսանյութ, լուսանկարներ)

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջնորդական առաքելության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը գտնվում են Երևանում և արդեն հանդիպել են ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Այսօր նրանց կընդունի նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Այսօր Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը համանախագահների այցի կապակցությամբ բողոքի ակցիա էր կազմակերպել Հայաստանի արտգործնախարարության շենքի դիմաց:

Ակցիայի նպատակը Ադրբեջանի հակահայկական քաղաքականության և սահմանային գոտում ադրբեջանական ուժերի կողմից գնդակոծությունների և դիվերսիոն հարձակումների վերաբերյալ Մինսկի խմբի ոչ համարժեք, «հավասարեցնող» քաղաքականության դեմ բողոքն էր:

«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները համանախագահներին դիմավորեցին՝ «ԵԱՀԿ, մի՛ լռիր», «Ո´չ հավասարեցման քաղաքականությանը» վանկարկումներով:

Իսկ միության ատենապետ Գերասիմ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք Մինսկի խմբից պահանջում են իրերը կոչել իրենց անուններով և համապատասխան գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին:

Nikol Aghbalyan65

Nikol Aghbalyan44

Nikol Aghbalyan

Nikol Aghbalyan01

«Իրենց իրական առաքելությունը խաղաղության գործընթացի պահպանումը և խաղաղության հաստատումն է: Բայց իրենք, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններում անընդհատ հավասարության նշան դնելով, ոչ թե նպաստում են խաղաղությանը, այլ նպաստում են Ադրբեջանի կողմից պարբերաբար արվող ռազմատենչ հայտարարություններին, հակահայկական քաղաքականությանը և տարածաշրջանի խաղաղության ապակայունացմանը: Մենք պահանջում ենք իրերն իրենց անունով կոչել և համապատասխան գնահատականներ տալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող գործողություններին»,- մասնավորապես նշեց Վարդանյանը:

Ավելացնենք, որ ավելի ուշ Մինսկի խմբի համանախագահներից Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս հարցին` նշելով, որ Մինսկի խումբը նախօրեին` Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ, քննարկել է շփման գծում իրավիճակի սրման հետ կապված հարցը: Նաև հիշեցնենք, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական հերթական դիվերսիոն հարձակումից մի քանի օր անց` հունվարի 24-ին Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո, Մինսկի խմբի համանախագահները  հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ պարզապես հակամարտության երկու կողմերին կոչ էին  արել «անվերապահորեն պահպանել զինադադարի ռեժիմը»:

Տեսանյութեր

Լրահոս