
Մինսկի խմբի համանախագահ Ի. Պոպով. «Ցանկացած կողմից յուրաքանչյուր զոհ կորուստ է»

Այսօր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման խնդիրներով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահները, ովքեր երեկ Բաքվից ժամանել էին Երևան, ՀՀ արտգործնախարարությունում հանդիպեցին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Մինսկի խմբի Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովը հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, թե իրենք Բաքվում քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման հարցը:
«Մենք Բաքվում շարունակել ենք այժմ սեղանի վրա դրված փաստաթղթի շուրջ խոսակցությունը, որը սկսվել էր Վիենայում: Բացի այդ, մենք քննարկել ենք շփման գծում իրավիճակի սրման հետ կապված հարցը: Մենք հանդիպել ենք Պաշտպանության նախարարի հետ, նա ներկայացրել է իր վարկածը, Հայաստան այցելելուն պես մենք եղել ենք նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունում, խոսել ենք նախարարի հետ, նա էլ ներկայացրեց իր վարկածը, այսինքն` այստեղ ամեն ինչ չէ, որ համընկնում է: Այնուամենայնիվ, մենք շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ ցանկացած կողմից յուրաքանչյուր զոհ կորուստ է և վնասում է խաղաղության գործընթացին, բանակցային գործընթացին: Ուստի, մենք հույս ունենք, որ կողմերը կհետևեն հրադադարի ռեժիմին: Մենք այդ կոչն արել ենք ադրբեջանական կողմին, մենք այդ թեմայով խոսել ենք Հայաստանի պաշտպանության նախարարի հետ»,- ասաց Իգոր Պոպովը:
Նշենք, որ այսօր համանախագահները կհանդիպեն նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Իգոր Պոպովը տեղեկացրեց, որ իրենք այսօր ծրագրավորել են ՀՀ նախագահի հետ քննարկել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, առաջարկել այն տարբերակները, որոնք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Փարիզում:
«Փարիզում բավական կառուցողական խոսակցություն եղավ, բայց, բնականաբար, ոչ բոլոր հարցերն են որոշված, դեռևս կան մի շարք հակասություններ, որոնց վրա շարունակում ենք աշխատել»,- ավելացրեց Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահը:
Իսկ հարցին՝ արդյոք պա՞րզ է, թե երբ կլինի երկու նախագահների հաջորդ հանդիպումը, Ի. Պոպովը պատասխանեց, թե առայժմ վաղ է ասել:
«Որպեսզի կարողանանք այնպես անել, որ երկու նախագահները հանդիպեն, դրա համար, բնականաբար, պետք է առաջարկել բավարար առարկայական բովանդակություն, դրա վրա էլ հիմա աշխատում ենք»,- ասաց Պոպովը: