
Շոտլանդիայում օրինականացրել են միասեռ ամուսնությունները

BBC News-ի փոխանցմամբ՝ Շոտլանդիայի խորհրդարանը երեկ օրենք է ընդունել, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները: Այն ընդունվել է երրորդ ընթերցմամբ, դրա օգտին քվեարկել է 105 պատգամավոր, դեմ՝ 18-ը: Ընդ որում, պատգամավորներին թույլատրել են քվեարկել անհատական՝ առանց կուսակցության դիրքորոշման վրա հենվելու:
Միասեռ ամուսնությունների օրինականացումից բացի, օրենքը թույլատրում է ամուսնանալ սեռը փոխած մարդկանց: Շոտլանդիայի առողջապահության նախարար Ալեքս Նիլը հայտարարել է, որ երկրում առաջին միասեռ ամուսնությունները կգրանցվեն աշնանը: Ներկա դրությամբ միասեռականները Շոտլանդիայում ունեն քաղաքացիական ամուսնության իրավունք:
2013 թվականին միասեռ ամուսնություններն օրինականացվել էին նաև Անգլիայում ու Ուելսում: Դրանով իսկ Մեծ Բրիտանիայի միակ շրջանը, որում դա դեռ տեղի չի ունեցել, Հյուսիսային Իռլանդիան է: Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայում միասեռ առաջին ամուսնությունը գրանցվելու է մարտի 29-ին:
Ներկա դրությամբ միասեռ ամուսնությունները թույլատրված են աշխարհի 15 երկրում, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Մեքսիկայի մի շարք նահանգներում: Նման քայլի գնացած վերջին երկրներն են Նոր Զելանդիան, Ուրուգվայը, Ֆրանսիան ու Բրազիլիան: