Բաժիններ՝

Հաշվապահների և գործատուների օրինականացված սթրես

Հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրառումը՝ մինչև գործի դատաքննության ավարտը: Սակայն այս կասեցումը հանգեցրել է խառնաշփոթ իրավիճակի: Խնդիրն այն է, որ 2014 թվականի հունվար ամսվա համար եկամտային հարկի հաշվարկը պետք է ներկայացնել փետրվարի 1-ից սկսած: Մի կողմ թողնենք այն, որ մինչև վերջերս հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում եկամտային հարկի ամսական ամփոփ հաշվարկի ձևում հունվար ամսվա համար նման հնարավորությունը բացակայում էր և, չնայած բազմիցս հնչող հայտարարություններին, պետական մարմինը ևս դեռ պատրաստ չէր ապահովել օրենքի պահանջները: Բողոքի ու տարակուսանքի տեղիք է տալիս այն, որ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն տեղադրված 86 հաշվետվության թարմացված տարբերակն ավտոմատ կերպով, առանց գործատուի ցանկության, հաշվարկում է կուտակային վճարի 5%-ը: Ի դեպ, հաշվետվության ձևը ևս վերանվանվել է՝ «ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի ամսական»:

Սահմանադրական դատարանը, հիշեցնենք, «Կուտակային կենսաթոշակների մասին» հայցը քննարկելու է մարտի 28-ին: Այսինքն՝ մինչ այդ պարտադիր կուտակային ֆոնդին 5%-ի հաշվարկը գործատուի և քաղաքացու փոխադարձ հայեցողության հարց պետք է լիներ:

Որոշ մասնագետների կարծիքով՝ հաշվարկելուց հետո, եթե կազմակերպությունը փոխանցում չանի, կենթարկվի տույժ ու տուգանքների, և եթե մարտի 28-ին օրենքը հակասահմանադրական ճանաչվի, մուծված գումարները կկորչեն: Իսկ մասնագետների մի մասի կարծիքով՝ քանի որ ՍԴ-ի որոշմամբ կասեցվել է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76 հոդվածի (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար) գործողությունը, ապա տուգանքներ չպետք է լինեն: Եթե օրենքով առաջնորդվենք, իհարկե, պետք է գործի երկրորդ տարբերակը:

168.am-ի հետ զրույցում տարբեր ձեռնարկությունների մի քանի ներկայացուցիչներ արտահայտեցին իրենց դժգոհությունն ու ներակայիս համակարգն անվանելով «հաշվապահների և գործատուների օրինականացված սթրես»:

Ի դեպ, նրանցից մեկը խորհուրդ տվեց իր գործընկերներին՝ աշխատողներից հաշվարկել ու պահել 5% գումարը, սակայն չփոխանցել կուտակային ֆոնդին՝ մինչև ՍԴ վճիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս