
Ցեղասպանության մասին գրքի շնորհանդես Բեյրութում

Հունվարի 31-ին Բեյրութի «Համազգային» կազմակերպության սրահում տեղի ունեցավ Կատյա Փելթեքյանի կողմից հեղինակված՝ «Հայոց Ցեղասպանության ժամանակները. 1914-1919, 1920-1923թթ.» գրքի շնորհանդեսը: Գիրքը հրապարակումների հավաքածու է՝ Ցեղասպանության ժամանակի լրատվական հրապարակումներից անժխտելի փաստարկներով:
Միջոցառումը նշանավորվում էր նաև բարձր դիվանագիտական ներկայացուցչությամբ: Հյուրերի շարքում էին Լիբանանում Վատիկանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի, Հայաստանի դեսպանները, Միջին Արևելքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մշտական ներկայացուցիչ Գարո Քաբաբյանը, ինչպես նաև տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Գրքի հեղինակ Կատյա Փելթեքյանը նշեց, որ գիրքը տասներկու տարիների հետազոտության արդյունք է:
Լիբանանում Հայաստանի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով և մեջբերեց ՀՀ նախագահի խոսքերը. «Մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, պետք է պայքարենք անարդարության դեմ. աշխարհի որ անկյունում էլ որ լինենք, պետք է պայքարենք մարդու հանդեպ անարդարության, լռության և անտարբերության դեմ»:
Լիբանանի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Կենտրոնական Կոմիտեի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ Անիտա Լիպիարը, ով իր ելույթում կարևորեց Ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին՝ այս գրքում հրապարակված՝ Բրիտանական մամուլում տեղ գտած և խորհրդարանում եղած ելույթների ժողովածուն:
Պատրաստեց Կամո Մայիլյանը՝
Հատուկ 168.am-ի համար
Բեյրութ-Երևան