Ինչ էին քննարկում ոչ իշխանական ուժերի պատգամավորները Հովիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցում
Այսօր ԱԺ նիստի ավարտին ՀԱԿ և ՀՅԴ խմբակցության պատգամավորներն առանձնազրույց ունեցան Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Շուրջ 20 րոպե ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը Հովիկ Աբրահամյանի հետ քննարկում էին «գազային պայմանագրի» շուրջ ծավալված խնդրի լուծման «կոմպրոմիսային տարբերակ»:
Առանձնազրույցից հետո Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք Հ. Աբրահամյանին առաջարկում էին «գազային պայմանագրերը» բացահայտելու համար ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնած ժամանակավոր հանձնաժողովը ստեղծելու շուրջ կոմպրոմիսային տարբերակ գտնել: «Մեզ հետաքրքրում է հանձնաժողովի ստեղծումը, մեզ հետաքրքրում է, որ իսկապես բաց, հրապարակային քննարկում լինի բարձրացված հարցերի շուրջ և մենք պարզ ասում ենք, որ եթե դուք հրաժարվում եք դրանից, ուրեմն՝ պատասխանատվությունը ձեզ վրա եք վերցնում: Քանի որ իրենք հայտարարեցին, որ պատրաստ են քննարկումների գնալ, մենք էլ ասում ենք՝ եկեք կոմպրոմիսի գնանք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ճիշտ հակառակ հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով, որ հանձնաժողովի ստեղծմանն իրենք դեմ են, Լևոն Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Այո, հասկանում եմ, բայց քանի որ Աբրահամյանի կողմից հնչել էին ինչ-որ բաներ, մենք էլ ընդառաջ գնացինք, բայց որևէ համաձայնության չենք հասել»։
Զուրաբյանը շեշտեց, թե իրենց համար պարզ է, որ՝ հրաժարվելով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկից, ամբողջ ապօրինությունների պատասխանատվությունը իշխող մեծամասնությունը վերցնում է իր վրա, քանի որ հրաժարվում է ժողովրդի առջև քննարկել գազի գնագոյացման ամբողջ մեխանիզմը։
«Մենք դա ենք, չէ՞, ուզում, տեսնել՝ ո՞նց է ձևավորվում գազի գինը, ո՞նց է ստացվում, որ գազի գինը սահմանից մինչև սպառող ամենաշատը Հայաստանում է աճում, ո՞նց կարող է նման բան լինել, չպարզե՞նք, և այդ գործի համար պատրաստ ենք գնալ ՀՀԿ-ի հետ կոմպրոմիսի, միայն թե հանձնաժողովը ստեղծվի, և միայն թե կառավարությանը բերենք այստեղ և ստիպենք պատասխանել բոլոր հարցերին»,-եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Լուսանկարը՝ Tert.am-ի