Նիկոլ Փաշինյան. Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն

Ազգային ժողովում քննարկվում է ԱԺ վերադարձված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձերի մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ պետք է նորից քննվի Սահմանադրական դատարանի անդամի կենսաթոշակի հարցը: Այս առնչությամբ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է Կառավարությունը ցանկանում նման որոշում ընդունել:

«ՍԴ անդամների համար այս օրենքով ապահով ծերություն է ապահովվում, ինչը, ճիշտն ասած, այնքան էլ, ինչպես կասեր ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսանը, սիրուն չի»,- նշեց նա:

Ն. Փաշինյանը շեշտեց, որ ՍԴ-ն իշխանության ու կառավարության հետ «նույն խաղի մեջ է», և ինքն էլ գիտակցելով դա՝ «մի որոշում է կայացրել, որ հայբուդուր անի, որովհետև իրականում այդ որոշումը ոչ մի ազդեցություն չի ունենում»:

«Գագիկ Հարությունյանի ընտանիքի կարիերայի հետ կապված մամուլում հրապարակում եղավ, որ նրա եղբայր Արզուման Հարությունյանը կարող է նշանակվել ԱԱԾ պետի առաջին տեղակալ, և ես հույս ունեմ, որ Գագիկ Հարությունյանն ու իր ընտանիքը երբևէ ընդդիմությանը շնորհակալություն կհայտնեն իրենց ընտանիքի բարեհաջող կարիերայի ու ապահով ծերության համար»,- նշեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս