Ռուսաստանն առևտրային պատերազմ է սկսել ԵՄ-ի դեմ. Gazeta Wyborcza
Լեհական Gazeta Wyborcza թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանն առևտրային պատերազմ է սկսել ԵՄ-ի դեմ՝ կապված Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշման հետ: Դրա հետ կապված՝ Ռուսաստանը նախորդ շաբաթվա վերջին արգելք է դրել ԵՄ-ից խոզի մսի ներկրման վրա:
Նախորդ երեքշաբթի Բրյուսելում անցկացված «ԵՄ-Ռուսաստան» 32-րդ գագաթաժողովից հետո, որում ԵՄ-ը չլքեց Ուկրաինային, Ռուսաստանն առևտրային պատերազմ սկսեց Եվրոպայի դեմ՝ բեռնարգելք դնելով խոզի մսի ներկրման վրա: Ուկրաինայի պատճառով այդ գագաթաժողովն անցել էր սառը մթնոլորտում:
Բելառուսն էլ իր հերթին որոշել է ԵՄ-ից չգնել կարտոֆիլ: Թերթը գրում է, որ Ռուսաստանն այդ արգելքը պատճառաբանում է Լիտվայում աֆրիկյան ժանտախտի դեպքերով՝ ընդգծելով, որ բեռնարգելքն առնչվում է ԵՄ-ի բոլոր երկրներին:
Առողջապահության հարցերով եվրահանձնակատար Թոնինո Բորգը կարծում է, որ Ռուսաստանի դրած այդ արգելքն անհամաչափ է, քանի որ խոզի մսի ներկրումը Ռուսաստան արգելվել է անգամ ԵՄ-ի այն երկրներից, ուր չեն գրանցվել նման դեպքեր: Թերթի տվյալներով՝ Ռուսաստանը գնում է ԵՄ-ի երկրներից արտահանվող խոզի մսի մոտ մեկ քառորդը՝ մոտ 700.000 տոննա՝ 1.4 միլիարդ եվրոյով: