
«Ալ-Քաիդան» հերքել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման հետ կապը

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդայի» առաջնորդ Այման ալ-Զավահիրին հերքել է այն, որ վերջին շրջանում Իրաքում ու Սիրիայում բազմաթիվ արյունալի հարձակումներ իրականացրած «Լևանտում ու Իրաքում իսլամական պետությունը» (ISIL) կապված է իր հետ:
Զավահիրիի խոսքերով՝ իրենք որևէ կերպ չեն աջակցում ISIL-ի գործողություններին: Զավահիրին ընդգծել է, որ ISIL-ը չի կիսում «Ալ-Քաիդայի» գաղափարները, և որ իրենք որևէ պատասխանատվություն չեն կրում ISIL-ի գործողությունների համար:
Զավահիրին հերքումը ներկայացրել է տեսաուղերձի ժամանակ, որը տարածվել է համացանցում: Թուրքական լրատվամիջոցը հիշեցնում է, որ օրեր առաջ ISIL-ը հարձակվել էր Թուրքիային սահմանակից թուրքմենական գյուղերի վրա, ինչից հետո Թուրքիան հարված էր հասցրել ISIL-ի ավտոշարասյանը: