Թևան Պողոսյանը՝ իր մանդատի շուրջ ծավալված խոսակցությունների մասին

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը պատգամավորական մանդատը վայր դնելու, ապա վերցնելու որոշում ընդունել է անձնական խնդիրների պատճառով: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թևան Պողոսյանը: Նրա խոսքով՝ մանդատը վայր դնելու իր նախնական որոշումը որևէ քաղաքական հիմք չուներ:

«Ինչ ասես, որ չասեցին»,- ասաց նա՝ անդրադառնալով այն լուրերին, թե իշխանության ցանկությունն էր, որպեսզի ինքը վայր դներ իր մանդատը: «Հասկացա՝ ինչ անցանկալի զարգացումներ կարող են լինել «Ժառանգությունում»»,- հավելեց պատգամավորը՝ պարզաբանելով իր՝ մանդատը վայր չդնելու մասին որոշումը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն էլ 168.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով Թևան Պողոսյանի՝ մանդատից չհրաժարվելու որոշմանը, նշեց. «Գիտե՞ք, Թևան Պողոսյանը շատ կարճ, բայց ամփոփ` թե դիմում գրելու ընթացքում, թե դիմումը վերցնելուց հետո, ներկայացրեց՝ ի՞նչն է պատճառը: Նախ ասեմ, որ Թ. Պողոսյանն այս կարճ ժամանակում ցույց տվեց, որ իսկապես պրոֆեսիոնալ պառլամենտական է, ունի անհրաժեշտ մտավոր, ինտելեկտուալ քաղաքական ռեսուրսներ: Թևան Պողոսյանը ցույց տվեց, որ ինքն ունի ստորագրություն, պառլամենտականի ստորագրություն»:

Մեր հարցին, թե Թ. Պողոսյանի որոշման վրա ազդե՞լ են կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի և կուսակցության անդամների հորդորները՝ որոշման վերանայման մասին, ապա Ռուբիկ Հակոբյանն ասաց. «Ես էլ բազմիցս խոսել, հորդորել եմ, որ շարունակի գործունեությունը, և ուրախ եմ, որ Թևան Պողոսյանի պես պատասխանատու անձնավորությունը, պատրաստված պատգամավորը, վերանայեց որոշումը: Կարծում եմ՝ ճշգրիտ որոշում է ընդունել: Նա բավականին լուրջ մարդ է, հաստատ ինքն է որոշել շարունակել աշխատանքը ԱԺ-ում, բայց բնականաբար նաև իր ընկերների, գործընկերների, լավը ցանկացողների խորհուրդներն է լսել»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս