Բաժիններ՝

Մոսկվայի դպրոցներից մեկում կրակոցներ են հնչել. կան զոհեր

LifeNews-ի փոխանցմամբ՝ 10ա դասարանի աշակերտ Սերգեյ Գ.-ը զենքով է եկել դպրոց՝ աշխարհագրության ուսուցչից վրեժ լուծելու համար: LifeNews-ը պարզել է Մոսկվայի թիվ 263 դպրոցում մարդկանց վրա կրակելու մանրամասները, որոնց համաձայն, դպրոցում մարդկանց պատանդ է վերցրել հենց Սերգեյ Գ.-ը:

LifeNews-ի աղբյուրների համաձայն, Սերգեյը սովորել է գերազանց, մասնակցել է դպրոցական մի շարք օլիմպիադաների և նպատակադրվել է ստանալ ոսկե մեդալ: Ոչ վաղ անցյալում նա կոնֆլիկտի մեջ է մտել աշխարհագրության ուսուցիչ, 31-ամյա Անդրեյ Կիրիլովի հետ:

Այսօր առավոտյան Սերգեյը զենքով է եկել դպրոց: Խոսքը գնում է փոքր տրամաչափի հրացանի ու որսորդական կարաբինի մասին: Դպրոցի մուտքի մոտ նա անմիջապես հայտարարել է, որ փնտրում է աշխարահագրության ուսուցչին:

Նա անվտանգության աշխատակցին հարկադրել է իրեն ներս թողնել, սակայն մինչ այդ պահանջը կատարելն անվտանգության աշխատակցին հաջողվել է սեղմել տագնապի ազդանշանի կոճակը:

Աշակերտը մտել է առաջին հարկի դասասենյակներից մեկը, ուր այդ պահին ընթանում էր 10-րդ դասարանցիների աշխարհագրության դասընթացը: Այդ ժամանակ սենյակում գտնվել է 15 տարեկան ավելի քան 20 աշակերտ: Մնացյալ բոլոր աշակերտներին ու ուսուցիչներին անհապաղ տարհանել են դպրոցից:

Երբ ոստիկանները ժամանել են դպրոց, հանցագործը կրակ է բացել նրանց վրա՝ վիրավորելով ավագ սերժանտ Սերգեյ Բուշուևին: Ավելի ուշ նա մահացել է բժիշկներին ձեռքերին: Վիրավորվել է նաև աշխարհագրության ուսուցիչ Անդրեյ Կիրիլովը, որի կյանքը փրկել նույնպես չի հաջողվել:

Եվս մեկ ոստիկան վիրավորվել է կրծքավանդակի ու որովայնի շրջանում, նրան տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել: Որոշակի տվյալներով՝ նա նույնպես մահացել է: Հանցագործը ավելի քան 20 պատանդ է վերցրել, ապա իրավիճակն իրենց անձնական վերահսկողության տակ են առել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը և ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը:

Պատանդներ վերցնելուց ժամեր անց հանցագործը բաց է թողել աշակերտներին: Ավելի ուշ նրան դուրս են բերել դպրոցից և նստեցրել ոստիկանական մեքենա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս