Forbes-ի՝ «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ – 2014» վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են երկու հայեր
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի արքաներ – 2014» վարկանիշային աղյուսակը, որում ընդգրկվել է 30 մարդ: Դրանում ներկայացված են երկրի տարածքում գտնվող կոմերցիոն անշարժ գույքի տեղի և օտարազգի խոշորագույն սեփականատերերը:
Մասնակիցների դասակարգումն իրականացվել է այն եկամտի որոշմամբ, որը կարող էր 2013 թվականին դրա տիրոջը բերել նրան պատկանող անշարժ գույքը: Վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի չեն առնվել այլ բիզնեսներից ստացվող եկամուտները:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Տաշիր» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը, որի կարողությունը պարբերականը գնահատել է 3.8 միլիարդ դոլար (29-րդ տեղ):
Նրա պարագայում վարձակալությունից ստացվող եկամուտը գնահատվել է 960 միլիոն դոլար: Մոսկվայում Կարապետյանին են պատկանում «Ռիո» առևտրի կենտրոնը (105.000 քառակուսի մետր), «Գազօյլ Պլազա» բիզնես-կենտրոնը (30.000 քառակուսի մետր), Novotel Moscow City հյուրանոցը (360 համար):
Ընդհանուր առմամբ, Կարապետյանին պատկանող առևտրային տարածքները կազմում են 770.000 քառակուսի մետր, գրասենյակային տարածքները՝ 62.000 քառակուսի մետր, պահեստները՝ 48.000 քառակուսի մետր, հյուրանոցները՝ 360 համար:
Դրանք գտնվում են Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կալուգա, Յարոսլավլ, Տուլա, Բելգորոդ, Իվանովո, Վոլոգդա, Դոնի Ռոստով, Սարանսկ, Նիժնի Նովգորոդ, Օրյոլ, Կոստրոմա, Սոչի քաղաքներում:
2013 թվականին Սամվել Կարապետյանի ընկերության ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 910 միլիոն դոլար, որից մոտ 600 միլիոն դոլարը բաժին է ընկել Մոսկվայում գտնվող օբյեկտներին: Նշվում է, որ «Տաշիր» խմբի մեջ մտնում է ավելի քան 200 ընկերություն:
Forbes-ի վարկանիշային աղյուսակը եզրափակել է հայազգի գործարար, «Լեգիոն Դևելոփմենթի» ղեկավար Դանիլ Խաչատուրովը, որի կարողությունը պարբերականը գնահատում է 2.4 միլիարդ դոլար (43-րդ տեղ): Կոմերցիոն անշարժ գույքի վարձակալությունից նրա եկամուտը գնահատվել է 70 միլիոն դոլար:
Նրան է պատկանում «Լեգիոն III» միջազգային ֆինանսական կորպորացիան (77.500 քառակուսի մետր), «Լեգիոն I» բիզնես կենտրոնը (36.003 քառակուսի մետր): Խաչատուրովի գրասենյակային տարածքների մեծությունը կազմել է 111.003 քառակուսի մետր, իսկ առևտրային տարածքներինը՝ 2500 քառակուսի մետր: Դրանք բոլորն էլ գտնվում են Մոսկվայում: