Ըստ Լևոն Զուրաբյանի՝ Որոտանի կասկադն ամերիկացիներին վաճառվել է օրենքի խախտումով

«Վերջերս ՀՀ կառավարությունը ավելի ու ավելի է խորացնում սեփականաշնորհման հետ կապված խոշոր գործարքներում պետական գույքի մասնավորեցման մասին օրենքը խախտելու և ԱԺ-ն շրջանցելու պրակտիկան»,- այս մասին ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին նիստում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Խոսքը Որոտանի կասկադի վաճառքի մասին է: Մենք իմանում ենք, որ կառավարությունը ինչ-որ գործարք է ստորագրել ամերիկյան ֆիրմաների հետ և սեփականաշնորհումը արված է հետևյալ կերպ՝ գույքը ուղղակի վաճառվել է այդ ընկերություններին: Քավ լիցի , մենք որևէ խնդիր չունենք ամերիկյան ընկերություններին ինչ-որ բան վաճառելու մեջ, բայց մենք խնդիր ունենք, որ շրջանցվում է օրենքը: Օրենքը հստակ ասում է, որ միայն շարժական գույքը կարող է առանց ծրագիրն ընդունելու վաճառվել: Բայց այստեղ ամբողջ սեփականությունն է վաճառվել՝ խախտելով օրենքը»,- նշեց Լևոն Զուրաբյանը: ՀԱԿ պատգամավորը հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատրաստվում այս առնչությամբ անել ԱԺ նախագահը՝ ԱԺ  սահմանադրական լիազորությունների յուրացման փաստի առիթով: «Չե՞ք կարծում, որ նման կեցվածքը սահմանադրության ոչնչացում է, ԱԺ հեղինակազրկում»,- հարցրեց Զուրաբյանը: Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, թե  ինքը չի կիսում Զուրաբյանի կարծիքը: Նա նաև հորդորեց մասնավոր հարցերը չկապել ԱԺ իմիջի, դերակատարության, հեղինակության հետ: Հովիկ Աբրահամյանը հավելեց, որ եթե ՀԱԿ խմբակցության ղեկավարի կարծիքով, մասնավորեցման մասին օրենքը խախտվել է, ապա  ինքը կանդրադառնա այդ հարցին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս