Բաժիններ՝

Ռուսական «Գազպրոմին» Ուկրաինայի պարտքի չափը հասել է 3.35 միլիարդ դոլարի. աղբյուր

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ ռուսական գազի մատակարարումների դիմաց Ուկրաինայի կուտակած պարտքի ընդհանուր ծավալը հասել է 3.35 միլիարդ դոլարի: Այս մասին թերթին հայտնել է ռուսական «Գազպրոմ» ընկերությունում նրա աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Կիևը ռուսական կողմին չի վճարել նախորդ տարվա մատակարարումների մոտ կեսի և այս տարվա հունվարի մատակարարումների դիմաց: Հունվարին Ուկրաինային ռուսական գազի մատակարարման ծավալը կազմել է 2.4 միլիարդ խորանարդ մետր:

Կիևը դրա համար «Գազպրոմին» պետք է վճարի 650 միլիոն դոլար: Հունվարյան գազամատակարարումները հաշվարկվում են նոր գնով՝ Ռուսաստանի արած գազային զեղչով. հազար խորանարդ մետր գազի դիմաց՝ 268.5 դոլար: Նախորդ տարի Ուկրաինան միջին հաշվով հազար խորանարդ մետր գազի համար ռուսական կողմին վճարել է 400 դոլար:

Ակնկալվում էր, որ Ուկրաինան հունվարյան մատակարարումների համար վճարումները կկատարեր մինչև փետրվարի 7-ը, սակայն նա խնդրել է հետաձգել վճարման ժամկետը: Ինչ վերաբերում է նախորդ տարվա մատակարարումների համար վճարումներին, ապա դա պետք է իրականացվեր մինչև հունվարի 25-ը, սակայն դա նույնպես տեղի չունեցավ:

Ռուսական «Գազպրոմը» ակնկալում է, որ ընթացիկ տարում Ուկրաինան գազային զեղչից հետո կմեծացնի գազի ներկրման ծավալը և տարվա արդյունքներով կներկրի 35-40 միլիարդ խորանարդ մետր գազ: Եթե 2012 թվականին Ուկրաինան ներկրել է գրեթե 33 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ, ապա 2013 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 24 միլիարդ խորանարդ մետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս