Թուրքական ռազմանավը Կիպրոսի ափերի մոտ խոչընդոտել է նորվեգական նավի գործունեությանը
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Միջերկրական ծովի արևելյան հատվածում և Կիպրոս կղզու շրջակայքում գործունեություն ծավալած «Բարբարոսա Հայրեթթին Փաշա» գիտահետազոտանավին ուղեկցող «Գիրեսուն» ֆրեգատը նորվեգական «Պրինցես» գիտահետազոտանավին հարկադրել է լքել Թուրքիայի «իրավասության տակ գտնվող» ծովային գոտին:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը: Միջադեպը գրանցվել է փետրվարի 1-ին, ժամը 18.40-ին: Նորվեգական նավը Կիպրոս կղզու հարավային ափերի մոտ զբաղված է եղել գազի փնտրտուքով, սակայն «Գիրեսուն» ֆրեգատը համապատասխան զգուշացում է արել նրան, և այն ժամը 23.50-ին լքել է տվյալ տարածքը:
Նշվում է, որ կիպրական կողմն իր հերթին ակնդետ հետևում է «Բարբարոսա Հայրեթթին Փաշա» նավի գործունեությանը, ով մոտ մեկ ամիս է, ինչ Միջերկրական ծովի արևելյան հատվածում զբաղված է էներգակիրների փնտրտուքով: