Սիրիայում պատերազմող «Ալ-Քաիդայի» զինյալները բազաներ են ստեղծել Թուրքիայում. Իսրայելի ռազմական հետախուզություն

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը հերքել է Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարի հայտարարությունը, որ «Ալ-Քաիդան» բազա ունի Թուրքիայում: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թանյու Բիլգիչը հերքել է դա` այդ տեղեկատվությունը որակելով որպես «անհիմն»:

Բիլգիչի խոսքերով` Թուրքիան ինքն է նախկինում «հարձակման ենթարկվել» «Ալ-Քաիդայի» կողմից, և որ այդ սպառնալիքը գոյություն ունի նաև ներկայումս: Բիլգիչը հավելել է, որ Սիրիական հակամարտության ձգձգման հետևանքով «Ալ-Քաիդային» համակրող մի շարք խմբավորումներ արմատավորվել են Սիրիայում և սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի համար:

Հունվարի 29-ին Իսրայելի ռազմական հետախուզության (Աման) ղեկավար Ավիվ Կոհավին, ելույթ ունենալով Թել Ավիվում կազմակերպված Ազգային անվտանգության հարցերի հետազոտման ինստիտուտի կոնֆերանսում, հայտարարել էր, որ «Ալ-Քաիդայի» մի շարք զինյալներ, որոնք պատերազմում են Սիրիայում, բազաներ են ստեղծել Թուրքիայում:

Կոհավին նաև ներկայացրել էր «Ալ-Քաիդայի» այդ բազաների ցանցը, որի համաձայն, դրանք առկա են Թուրքիայի երեք նահանգում` Քարամանում, Օսմանիեում ու Շանլըուրֆայում:

Տեսանյութեր

Լրահոս