ԲՀԿ-ում ընդդիմություն հռչակվելու մասին խոսակցություն, քննարկում չկա
ԲՀԿ-ն չի քննարկել իրեն ընդդիմություն հռչակելու հարցը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը՝ ի պատասխան այն հարցին, թե հնարավո՞ր է, որ կուսակցության համագումարի ժամանակ ԲՀԿ-ն իրեն հռչակի՝ որպես ընդդիմություն: «Նման խոսակցություն չկա, նման քննարկում չի էլ եղել»,- նշեց նա:
Լյովա Խաչատրյանը նաև նշեց, թե ինքը չի ընդունում ընդդիմություն հասկացությունը. իր համար կա քաղաքական երկու ուղղվածություն՝ իշխանություն և ոչ իշխանություն:
«Ընդդիմություն հասկացությունն էլ ես չեմ հասկանում՝ ի՞նչ է նշանակում՝ ընդդիմություն: Գոյություն ունի իշխանություն և ոչ իշխանություն. մենք ոչ իշխանական ուժ ենք, ինչպես խորհրդարանական մի շարք այլ ուժեր, մնացածը ոնց ուզում եք անվանեք: Կրկնում եմ՝ ընդդիմություն հասկացությունը ես չեմ ընդունում, չկա… ինձ համար կա իշխանություն և ոչ իշխանություն: Իշխանությունը նա է, որ տնօրինում է ռեսուրսների, իսկ ոչ իշխանությունը նա է, որ համաձայն չէ շատ բաների հետ, ասենք՝ տնտեսական քաղաքականության հետ, և այլն, և այլն»,- պարզաբանեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Ի դեպ, ԲՀԿ համագումարի օրն առայժմ հայտնի չէ:



