Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով մեղավոր բոլոր անձինք պատասխանատվության չեն ենթարկվել

Ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի հոր ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը համոզված է, որ մեղավոր բոլոր  անձինք պատասխանատվության չեն ենթարկվել: Այս մասին 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց Մ. Շուշանյանը: «Մենք համոզված ենք և  պնդում ենք, որ բոլոր մեղավոր անձինք այդ գործով քրեական պատասխանատվության չեն ենթարկվել, իսկ երկու ամբաստանյալներին պետք է ավելի ծանր մեղադրանք առաջադրվեր»,- ասաց Մ. Շուշանյանը:

Նշենք, որ զինծառայող Հայկ Խաչատրյանի մոտ դիմային նյարդի հետ կապված խնդիր էր առաջացել, ինչի պատճառով նա տեղափոխվել էր Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, այնտեղ վարակվել ջրծաղիկի վիսցերալ ձևով, տեղափոխվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ 2011թ. դեկտեմբերի 30-ին մահացել էր: Նրա մահվան փաստով քրեական գործ էր հարուցվել, մեղադրանք էր առաջադրվել երկու անձի, գործի քննությունը շարունակվում է առաջին ատյանի դատարանում:

Մուշեղ Շուշանյանի խոսքով՝ կա մի դրվագ, որի ուղղությամբ առհասարակ քննություն չի կատարվել: «Քրեական գործի նյութերից երևում է, որ Հայկ Խաչատրյանը դեկտեմբեր ամսին առանց հանգստանալու, 16 ժամ անընդմեջ, ինչ-որ սպայի կամայական հրամանի հետևանքով գտնվել է պահակային ծառայության մեջ, որից հետո նրա մոտ սկսվել են խնդիրներ՝ կապված դիմային ծնոտի հետ, և ինքը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, բայց պարզելու համար, թե ո՞վ է եղել այդ սպան և նրան քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ քննություն չի կատարվել: Մեր պահանջներից մեկը նաև դա է. այդ դեպքը նույնպես պետք է բացահայտվի, այդ սպան կամ սպաները պատասխանատվության ենթարկվեն, որովհետև, եթե իրեն 16 ժամ այդ ցրտին չկանգնեցնեին, իր մոտ դիմային ծնոտի բորբոքում չէր առաջանա, ինքը հոսպիտալում չէր հայտնվի, այնտեղ ջրծաղիկով չէր վարակվի, և այլն: Պատճառահետևանքային կապն առկա է այդ իմաստով»,- ասաց Մուշեղ Շուշանյանը:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին: Մինաս Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա՝ հանդիսանալով պաշտոնատար անձ, ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքի պետ, կոչումով փոխգնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝  չի ապահովել անհրաժեշտ բժշկական միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս: Միքայել Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ` ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար` Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ, կոչումով գնդապետ, անփույթ վերաբերմունք դրսևորելով ծառայության նկատմամբ՝ վարակի չտարածման ուղղությամբ չի կազմակերպել անհրաժեշտ կանխարգելման միջոցառումներ, որի արդյունքում առաջացրել է էական վնաս:

 

Տեսանյութեր

Լրահոս