Ո՞ր ապրանքները որքանո՞վ կթանկանան Հայաստանում՝ Մաքսային միությանն անդամակցությունից հետո
Այն, որ Մաքսային միությանն անդամակցելու պարագայում Հայաստանում հնարավոր է՝ արձանագրվի մի շարք կարևոր ապրանքատեսակների գնաճ, ի սկզբանե հայտնի էր։ Խոսքը վերաբերում է, մասնավորապես, ՄՄ անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքներին։ Դրանց մեծ մասի դեպքում Հայաստանում գործում է զրոյական կամ առավելագույնը 10% մաքսատուրք, իսկ ՄՄ մաքսային օրենսգրքի համաձայն՝ շատ ավելի բարձր դրույքաչափեր։
Այսօր մեր պետական այրերն արդեն բացահայտ խոսում են մաքսատուրքերի պատճառով հնարավոր թանկացման մասին և հայտարարում, որ այդ հարցով սպասվում են ծանր բանակցություններ ՄՄ-ի հետ։ Ինչպես նախօրեին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գարեգին Մելքոնյանը, ընդհանուր առմամբ, 11 553 անուն ապրանքների 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում, 14.5 տոկոսի դեպքում՝ դրանք ավելի ցածր են, 17 տոկոսի դեպքում՝ նույնն են (մնացած ապրանքների գծով հաշվարկն իրականացվում է այլ մեթոդներով):
Այստեղ, սակայն, կա մի նրբություն: Ոչ այնքան կարևոր է, թե 11 553 անուն ապրանքների որ մասի համար են ՄՄ դրույքաչափերը բարձր, որքան, թե այդ ապրանքներն ինչ կշիռ ունեն ՀՀ ներմուծման մեջ։ Օրինակ, հնարավոր էր՝ 11 553 անուն ապրանքներից 11 000-ի դեպքում ՄՄ դրույքաչափն ավելի ցածր լիներ։ Սակայն մնացած 553 անուն ապրանքները կազմեին Հայաստանի համար առավել կարևոր՝ ներմուծման մեջ մեծ ծավալ ունեցող ապրանքները։
Ցավոք, այս տրամաբանությամբ՝ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Մենք դիտարկեցինք ՀՀ ներմուծվող առավել բարձր մաքսային արժեք ունեցող ապրանքների ցանկը՝ համեմատելով դրանց մաքսատուրքերի դրույքաչափերը։ Առաջին տեղը զբաղեցնող 20 անուն ապրանքներից ընդամենը 2-3%-ի դեպքում է ՄՄ դրույքաչափն ավելի բարձր։ Օրինակ, ՀՀ-ում բենզինի մաքսատուրքը զրոյական է, ՄՄ-ում՝ 5%։ Իսկ Հայաստանում բենզին ներմուծվում է հիմնականում եվրոպական երկրներից` Ռումինիայից և Բուլղարիայից։ Այսինքն, եթե գործեն ՄՄ դրույքաչափերը, հայաստանյան շուկայում հնարավոր է՝ բենզինը թանկանա շուրջ 5%-ով։
Ցորենի ներմուծման համար Հայաստանում զրոյական մաքսատուրք է, ՄՄ-ում՝ 5%։ Սակայն դա մեզ վրա որևէ կերպ չի ազդի, որովհետև ցորեն Հայաստան ներմուծվում է Ռուսաստանից և մի փոքր էլ՝ Ղազախստանից։
Սակայն կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնց դեպքում պատկերն ավելի տխուր է։ Օրինակ՝ դեղամիջոցները։ Դեղամիջոցները ՀՀ ներմուծման կառուցվածքում առաջին տասնյակի մեջ են. 2012 թվականին, օրինակ, Հայաստան է ներմուծվել 94 միլիոն դոլարի դեղորայք։ ՀՀ-ում դեղորայքի ներմուծման համար գործում է զրոյական մաքսատուրք, իսկ ՄՄ-ում՝ 8-12.5%։ Ու քանի որ դեղորայքի մեծ մասը բերվում է եվրոպական երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, Իտալիա) և ԱՄՆ-ից, ապա դժվար չէ ենթադրել, որ դեղորայքի գինը կարող է թանկանալ նվազագույնը 8%-ով։ Հետաքրքրվողների համար նշենք, որ Ռուսաստանից 2012-ին ներմուծվել է ընդամենը 3.5 միլիոն դոլարի դեղորայք։
Շաքարավազի ներմուծման համար Հայաստանում գործում է 10% մաքսատուրք։ Դա կազմում է 60-65 դոլար՝ 1 տոննայի համար։ ՄՄ մաքսային օրենսգրքով շաքարավազի 1 տոննայի համար գանձվում է միջինը 250 դոլար։
Թռչնամսի համար նույնպես Հայաստանում մաքսատուրքը 10% է։ ՄՄ-ում՝ 25%, սակայն ոչ պակաս, քան 0.2 եվրո՝ 1կգ-ի համար։
Ավտոմեքենաների թեմային թեպետ անդրադարձել ենք, սակայն ևս մի քանի հետաքրքիր նրբերանգ ավելացնենք։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքում զետեղված փաստաթղթի համաձայն՝ ՄՄ-ում ավտոմեքենաների ներմուծման մաքսատուրքը սկսվում է 25%-ից (որոշ դեպքերում մաքսատուրքը հաշվվում է՝ ըստ շարժիչի ծավալի, և կարող է կազմել արժեքի մինչև 50%-ը)։ Հայաստանում, հիշեցնենք, ռուսական ավտոմեքենաների համար գործում է զրոյական մաքսատուրք, արտասահմանյան մեքենաների համար՝ 10%։
Մեքենաների վիճակագրությունը բավականին հետաքրքիր է։ Օրինակ, 2012 թվականին Հայաստան է ներմուծվել 32 000 հատ մարդատար մեքենա, որոնցից ռուսական են ընդամենը 2000-ը։ Մնացած 30 հազարի համար վճարվում է 10% մաքսատուրք։ Արտասահմանյան այդ 30 հազար մեքենաների մաքսային արժեքը 2012-ին կազմել է շուրջ 220 միլիոն դոլար։ Այսինքն՝ բյուջեն համալրվել է 22 միլիոն դոլարով։ Եթե գործեին ՄՄ դրույքաչափերը, ապա նվազագույն հաշվարկներով, որպես մաքսատուրք՝ կգանձվեր 55 միլիոն դոլար։ Նշենք նաև, որ ՄՄ մաքսատուրքերը բարձր են նաև պահեստամասերի համար։ Օրինակ՝ նոր անվադողի մաքսատուրքը 18% է (Հայաստանում՝ 10%)։
Եվ վերջապես, վերադառնալով առաջին անհրաժեշտության ապանքներին, ՄՄ-ում բավականին բարձր է նաև զուգարանի թղթի մաքսատուրքը (17.5-18.5 տոկոս)։ Հայաստանում գործում է 10% մաքսատուրք, իսկ զուգարանի թուղթը ներմուծվում է մեծ մասամբ Լեհաստանից և այլ եվրոպական երկրներից, մի որոշ մաս էլ՝ Թուրքիայից, Չինաստանից և Ուկրաինայից։
Եթե գործեն ՄՄ մաքսատուրքերը, ապա զուգարանի թղթի գինը Հայաստանում կբարձրանա 7-8%-ով։
Այսինքն, ի մի բերելով՝ կարող ենք ասել, որ թանկանալու է ոչ միայն ուտելու, այլ կերածը մարսելու պրոցեսը։ Եթե, իհարկե, ՄՄ-ի հետ մաքսատուրքերի հարցում հնարավոր չլինի համաձայնության գալ։
Էկոնոմիկայի փոխնախարարը նշել էր, որ Հայաստանի կառավարությունը մոտ 850 ապրանքների գծով բանակցություններ է սկսել Մաքսային միության հետ, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը մնան նույնը: Թե ինչու միայն 850, եթե նշվում էր, որ ընդհանուր ապրանքների 60%-ի դեպքում ՄՄ մաքսատուրքերը բարձր են, այլ հարց է։
Իսկ ի՞նչ կլինի, եթե այդ բանակցությունները ձախողվեն՝ Հայաստանը կհրաժարվի՞ ՄՄ անդամությունից, թե՞ կհամաձայնի բարձր մաքսատուրքերին։ Փոխնախարարը «Ազատության» հետ զրույցում բացառել էր, որ ՄՄ-ն այդ հարցում մեզ ընդառաջ չի գնա։ «Մերժելու խնդիր չկա, որովհետև մենք առաջնային քննարկումների ժամանակ նշել ենք, որ լինելու են ապրանքներ, որոնց մասով մեր դրույքաչափերը բարձրացնելը լինելու է մեզ համար խնդրահարույց: Համապատասխան կետ, որ նմանատիպ բացառությունների շուրջ մենք պետք է գանք համաձայնության, նույնիսկ ներառված է ճանապարհային քարտեզում: Այն, որ ցանկը պիտի լինի, մենք տարաձայնություն չունենք: Թե այդ ցանկի մեջ ինչքան ապրանքատեսակ կլինի՝ կախված է բանակցություններից: Հիմա որևէ մեկը, ամենայն անկեղծությամբ, չի կարող ասել, թե բանակցությունների արդյունքում մենք ինչպիսի ցուցակ կունենանք»,- ասել էր Գ. Մելքոնյանը:
Սա նշանակում է, որ դեռ հայտնի չէ՝ նշված 850 անուն ապրանքներից քանիսի՞ դեպքում չեն կիրառվի ՄՄ բարձր մաքսատուրքերը, և դրանց թվում ո՞ր ապրանքները կլինեն։
Ի դեպ, ավելացնենք նաև, որ այս հունվարի 1-ից Եվրամիությունը Հայաստանի համար սահմանել է GSP+ առևտրային ռեժիմը, ինչը, Հայաստանից բացի, տրված է աշխարհի ևս 9 երկրների (այդ թվում՝ Վրաստանին), և ինչը նշանակում է, որ հայաստանյան մոտ 6 հազար անուն ապրանքների նկատմամբ, որոնք արտահանվում են Եվրամիություն, կկիրառվի կա՛մ զրոյացված մաքսատուրք, կա՛մ՝ շատ ցածր։
Կարո՞ղ է արդյոք ՄՄ անդամակցության արդյունքում Եվրամիությունը վերանայել Հայաստանի առևտրային ռեժիմը և կրկին սահմանել բարձր մաքսատուրքեր։ Մելքոնյանն ասել է, որ չի կարծում՝ նման բան լինի։ Ամեն դեպքում, այս պահին դա դեռ հնարավոր չէ ասել։ Չէ՞ որ, եթե դու եվրոպացու արտադրած ապրանքի համար մաքսատուրքն ավելացնում ես 1.5-2 անգամ, ապա բնական կլինի, եթե եվրոպացին նույն կերպ վարվի քո արտադրած ապրանքների դեպքում։ Իսկ սա նշանակում է, որ ՄՄ-ի հետ բանակցությունների ոչ այնքան հաջող ընթացքի դեպքում տուժելու են ոչ միայն հայաստանյան սպառողները, այլև Հայաստանից ԵՄ արտահանմամբ զբաղվող գործարարները։
Բաբկեն Թունյան