
Սնոուդենը տոնական ուղերձում նախազգուշացրել է համատարած գաղտնալսումների մասին եւ հիշատակել Օրվելին

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը բրիտանական Channel 4 հեռուստաալիքով հեռարձակված հեռուստաուղերձում նախազգուշացրել է աշխարհում գոյություն ունեցող համատարած գաղտնալսումների սպառնալիքների մասին:
Տեսաուղերձում Սնոուդենը հիշեցրել է, թե ինչպես է հայտնի գրող Ջորջ Օրվելը «նախազգուշացրել նման կարգի տեղեկատվության հավաքագրման մասին»:
Սնոուդենի խոսքով` «մեր գրպաններում կան փոխանցիչներ, որոնք հետեւում են մեր տեղաշարժին»: «Մտածեք այն մասին, թե ինչ է դա նշանակում միջին վիճակագրական մարդու մասնավոր կյանքի համար»,-ավելացրել է նա: «Դա խնդիր է, քանի որ մարդու մասնավոր կյանքի անձեռնմխելիության հարցը մեծ նշանակություն ունի: Հենց կոնֆիդենցիալությունն է թույլ տալիս մեզ կողմնորոշվել` ովքեր ենք մենք եւ ինչ ենք ուզում դառնալ»,- նշել է Սնոուդենը:
Բրիտանական Channel 4 հեռուստաալիքն ավանդույթ ունի Ծննդյան տոներին ներկայացնել ոչ սովորական, բայց հայտնի անձանց ուղերձները: