Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որը կայացել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի նախագահների և Ուկրաինայի վարչապետի մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը՝ պետությունների ղեկավարների մակարդակով, ի թիվս այլ հարցերի որոշում է ընդունել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին: Որոշմամբ խորհրդի անդամները հաստատել են միջոցառումների ծրագիրը («ճանապարհային քարտեզը»): Հանձնարարվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հետ համատեղ ապահովել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովին հանձնարարվել է նաև վարել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի մոնիթորինգ և Բելառուսի Հանրապետությանը, Ղազախստանի Հանրապետությանն ու Ռուսաստանի Դաշնությանը տեղեկացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ:
Հիշյալ որոշման համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքի ընթացքի մասին պետք է զեկուցի պետությունների ղեկավարների մակարդակով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:
Նիստի արդյունքում Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահները հայտարարություն են ստորագրել Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության միանալու միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») մասին:
Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների և Հայաստանի Հանրապետության միջև ինտեգրացիոն գործընթացների խորացման նպատակով, ինչպես նաև ընդունելով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ-պետությունների ու Հայաստանի Հանրապետության փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա զարգացման անհրաժեշտությունը, սատարելով Հայաստանի Հանրապետության մտադրությունը՝ դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, փաստաթուղթը ստորագրած չորս երկրների նախագահները հայտարարել են միջոցառումների ծրագրի («ճանապարհային քարտեզի») հաստատման մասին և հանդես են եկել «ճանապարհային քարտեզով» նախատեսված միջոցառումների իրականացման օգտին՝ եվրասիական ինտեգրացիոն նախագծին Հայաստանի միանալու նպատակով: